Հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք:
Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ հագուստի խանութի արտաքին պատին ապօրինի ամրացված գովազդի համար համապատասխան թույլտվություն ստանալու գործընթացը կազմակերպելու և սահմանված չափանիշներին չհամապատասխանող գովազդը չապամոնտաժելու համար 2024 թվականի մայիսի 31-ին հիշյալ խանութի սեփականատիրոջից ստացել է կաշառք:
Նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ):
Կաշառք ստանալու համար Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կաշառք ստացած երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: