ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին կսկսի տեղեկացնել երկկողմ առևտրի հետագա պայմանների, ամերիկյան շուկա մատակարարվող ապրանքների մաքսատուրքերի կամ համաձայնագրերի կնքման մասին։
Հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվում է BRICS-ի 17-րդ գագաթնաժողովը՝ Բրազիլիայի նախագահությամբ։ Օրակարգում են առողջապահության, առևտրի, ներդրումների, ֆինանսների, կլիմայի փոփոխության, արհեստական բանականության կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցերը։
BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։