Հայասատանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատում, որը միության անդամ կազմակերպություններից է։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության առջև ծառացած խնդիրները, շրջայց կատարվեց հանքում և կոմբինատում։
Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, նատրիում, կալիում։ Բենտափոշին և հատիկավոր բենտոկավը կիրառելի են բազմաթիվ բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սև մետալուրգիայում, գյուղատնտնեսության, գինու արտադրության, շինարարության, բժշկության մեջ, լայն կիրառություն ունեն որպես լցանյութ կատուների պետքարանի համար և կենցաղի այլ ճյուղերում։

Տասնապատիկից ավելի բարձրացված տուրք՝ անհիմն և խնդրահարույց
2023-ից հանքի լիցենզիայի տարեկան տուրքը 500 հազար դրամից դարձել է 10 միլիոն դրամ։ Նման չհիմնավորված բեռը հավելյալ բարդություններ է առաջացնում ընկերության համար։ Առանց այդ էլ սուղ ֆինանսական պայմաններում դժվարանում է դրամական հոսքերի ուղղումն անհրաժեշտ արդի սարքավորումների ձեռքբերմանը, ընթացիկ ծախսերը փակելուն։

Քննարկման ընթացքոմ ընկերության աշխատակիցները միության ներկայացուցիչներին խնդրեցին միջնորդել՝ պետական մարմիններին հասցնելու խնդրի էությունը, որպեսզի վերանայվի տուրք սահմանելու մոտեցումը ոչ մետաղական հանքերի դեպքում։
Հանքը շահագործելու արհեստական խոչընդոտները՝ անփույթ նախագծման հետևանք
Դեռևս 2014-ին հանքի կոորդինատների փոփոխություն է տեղի ունեցել, որի հետևանքով ընկերությունն առ այսօր գլխացավանքի մեջ է՝ չկարողանալով լիարժեք շահագործել տարածքը։

Խնդիրն այն է, որ նոր նախագծով հնի հիման վրա լեռնահատկացումը կատարվել է (սկզբնական նախագծում սխալ չի եղել), սակայն այժմ այնտեղ սեպի պես խրված հողակտոր են թողել, որը, ներառելով հանդերձ լիցենզիայով նախատեսված հատկացման մեջ, թույլ չեն տալիս շահագործել։
Մասնագետները նշեցին, որ տվյալ տարածքը վտանգավոր կամ պատմամշակութային նշանակության չէ։ Նրանք ենթադրում են, որ չկա նաև դիտավորություն, պարզապես նախագծելիս խառնել են կոորդինատները։ Այդ թյուիմացությունը, սակայն, խոչընդոտում է աշխատանքի լիարժեքությանը։

Միության անդամների հետ խորհրդակցելով՝ որոշվեց ձեռնամուխ լինել փաստաթղթի շտկմանը։ Առաջին փուլով Երկրաբանական ֆոնդին կխնդրեն տրամադրել ընդերքօգտագործման բոլոր փաստաթղթերը, կպատճենահանեն դրանք, և կսկսվի վերաձևակերպման գործընթացն այն պահից, երբ տեղի է ունեցել անճշտությունը։

Տարաձայնություններ՝ կիսատ-պռատ կարգեր սահմանելու պատճառով
«Բենտոնիտ»-ում նաև նշեցն, որ իրենց հատկացրել են հողատարածք թափոնների համար, որը հետագայում ընկերությունը տվել է գյուղացիներին։ Հետո պետությունն այլ տարածք է հատկացրել ընկերությանը, սակայն այն օգտագործելու թույլտվություն չունեն, քանի որ տարածքային իշխանությունը նպատակահարմար չի գտնում տրամադրել կոնկրետ տվյալ հողակտորը։
Ստացվում է՝ նախագիծն ունեն, բայց չունեն պայմանագիր, հետևաբար չեն կարող շահագործել։

Պարադոքսային իրավիճակը ստեղծվել է ոչ թե կողմերից մեկի ճիշտ կամ սխալ լինելու պատճառով, այլ պատկան մարմինների դրսևորած անհեռատեսական մոտեցումից, երբ հարաբերություններն այնպես չեն կանոնակարգված, որ որոշումներում միմյանց հակասելու կետեր չլինեն։

Ընթացիկ գործեր և հեռանկարներ
«Բենտոնիտի» տարեկան արտադրանքը 300 տ է, մինչդեռ առավել բարենպաստ պայմաններում հնարավոր է ավելին արդյունահանել։ Արտահանում են հիմնականում Ռուսաստան, մի փոքր խմբաքանակ էլ՝ Վրաստան։ Կարող են նաև պարարտանյութ ստեղծել հումքի հիման վրա, բայց իրացման խնդիր կա։

Կոմբինատի գլխավոր մեխանիկ Վոլոդյա Մատինյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը․
«Հանքից բենտոկավը տեղափոխում ենք կոմբինատ, որտեղ անցնում է առաջին` ջարդման էտապը։ Մանրացում ենք 5-10 սմ, տեղափոխում չորացնող թմբուկ, ուր տաք օդի միջոցով չորացնում ենք և ուղղում մանրացման տեղամաս։ Փոշի արտադրելիս գնդիկավոր աղաց ենք գործածում։ Եթե ընտանի կենդանիների կարիքների համար ենք նյութ ստանում, մանրացնում ենք ցորենի հատիկի չափ, մաղում և փաթեթավորում»։

Մատինյանը ցույց տվեց տեսակավորված պարկերը՝ նշելով, որ փոշին տեղափոխում են ճնշած օդի միջոցով՝ 500 խմ սիլոսային աշտարակների մեջ, և լցնում մեկ տոննայից մինչև 25-40 կգ-ոց պարկերը։

«Փոշին հիմնականում գործածվում է նավթահորերի հորատման համար, լուծույթ ենք պատրաստում, որը միաժամանակ հովացման և ամրացման դեր է կատարում հորատանցքում։ Ձուլարաններում օգտագործվում է կաղապարներ պատրաստելու համար, որն ավելի հարթ է դարձնում պատրաստվող մետաղի մակերեսը։

Օգտագործվում են նաև որպես անասնակերերի հավելում, նպաստում է խոզերի, թռչունների և այլ կենդանիների մարսողությանը։ Հատիկվորները հիմնականում օգտագործվում են որպես կատուների պետքարան տներում, քանի որ կլանում է տհաճ հոտերը»,- ասաց նա։

Հանքի տարածքում Իջևանի բենտոնիտ կոմբինատի Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրի հանքի վարիչ Նարիման Մանուչարյանը պատմեց, որ, աշխատում են խորհրդային ժամանակից մնացած տարածքում, նոր հողատարածքներ չեն վերցնում։

«Այստեղ փոշի չկա, բնությունը չի աղտոտվում, ունենք Շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական եզրակացությունը։
Արդյունահանում ենք բենտոնիտային կավ և ուղարկում գործարան` վերամշակելու։ Հանքում աշխատում է ծանր տեխնիկա` էքսկավատորներ, բուլդոզերներ, տրանսպորտային միջոցներ։
Ծրագրում ենք ավելացնել արտադրողականությունը, ավելի հզոր տեխնիկա ձեռք բերել, ավելի շատ աշխատող ընդունել․ հիմա մոտ 120 աշխատակից ունենք»,- ասաց Մանուչարյանը։

Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին։ Հանքանյութի տնտեսական նշանակությունը շատ մեծ է։ Բենտոնիտե ծածկոցներն ու լարերը լայնորեն կիրառվում են ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի, պոչամբարների հատակների և պատերի ջրամեկուսացման համար։ Բենտոնիտի ուռչելիության հատկությունն արգելափակում է ջրի թափանցումը գրունտի և ստորերկրյա ջրերի մեջ, պահպանում է կեղտոտ տարրերից և թափոններից։ Այն ծառայում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր է, թույլատրվում է օգտագործել նաև խմելու ջրի առկայությամբ։
Գործածվում է կենդանիների համար խտացված կերերի արտադրության մեջ, քանի որ պարունակում է նրանց անհրաժեշտ հանքանյութեր, բարձրացնում է դիմադրողականությունը։
Գինու մեջ կլանում է վնասակար նյութերը՝ հանդիսանալով բնական ֆիլտր։ Նպաստում է հողի խոնավությունը պահելուն։ Կիրառվում է վիտամինների արտադրության, պարֆյումի, պարարտանյութերի և շատ այլ բնագավառներում՝ որպես անվնաս և օգտակար հումք։