Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կկառուցվի

Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել:

«Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, քանի որ այն իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, որը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական բյուջեի համար»,- ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ դա իր հերթին կարճաժամկետ էր լինելու:

Նախարարը նշեց՝ թունելի հիմնանորոգման և Սեմյոնովկայի ճանապարհի՝ միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելը նույն ֆինանսական հետևանքն էր առաջացնելու բյուջեի համար, ինչ նոր թունելի կառուցումը:

«Եվ մենք այս պահին արդեն որոշում ունենք: Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք աշխատում: Առաջիկայում հստակություն կունենանք, թե կոնկրետ որ հատվածով կանցնի թունելը»,- ասաց Խուդաթյանը:

Նա վստահեցրեց՝ դրան զուգահեռ թունելը հիմա ընթացիկ նորոգման կենթարկվի, ինչը թույլ կտա երթևեկը պահպանել մինչև նոր թունելի կառուցման և շահագործման հանձնելը: Դրանից հետո գոյություն ունեցող թունելը կմնա որպես երկրորդ թունել՝ վթարային իրավիճակների համար: Անվտանգության մակարդակը, նախարարի խոսքով, էականորեն կբարձրանա:

ajax-loader