Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը «Փրայմ թայմ» մյուզիքլը ներկայացրել է Թբիլիսիում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնում խաղացել է «Փրայմ թայմ» մյուզիքլը։ Թատերասերները մեծ ոգևորությամբ են դիտել ներկայացումը։

«Փրայմ թայմ»-ն անդրադառնում է փառքի, մարդկանց արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին։ Պատմության գլխավոր հերոսուհին Աննան է՝ երիտասարդ կին, որը հայտնվելով փառքի և փողի ճիրաններում՝ փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնի իրավունքի համար։

Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։ Բեմադրությունն աչքի  է ընկնում երաժշտական և ռեժիսորական բարձր որակով։ Ստեղծագործական թիմը կարողացել է հիանալի համադրել հուզական լարվածությունն ու դրամատուրգիական զարգացումը՝ ստեղծելով ամբողջական, վառ ու մտածելու տեղիք տվող ներկայացում։ 

Դերակատարն են Թերեզա Մաթևոսյանը, Մարիամ Գրիգորյանը, Արսեն Գևորգյանը, Աննա Մովսեսյանը, Ալբերտ Ղազարյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Մաթևոսյանը, Յանա Թևանյանը, Հովսեփ Նշանյանը, Տիգրան Նահապետյանն ու Անգելինա Անտարյանը։ Ներկայացման բեմադրիչն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ 

Թբիլիսյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, երկարատև ծափահարություններն ու արտիստների ոգևորությունը վկայում են՝ հայաստանյան թատերական արվեստը շարունակում է հաստատուն քայլերով ներկայանալ միջազգային հարթակում՝ փոխանցելով ժամանակակից պատմություններ՝ համամարդկային արժեքներով։

ajax-loader