Լճաշենում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

– արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը,

– պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, այլ պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ, կոռոզիայի ենթարկված վիճակում՝ չբացառելով սննդամթերքի աղտոտման ռիսկը,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:

«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել ժամկետ:

ajax-loader