Երևանում մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կլիմայական խոստում» նախաձեռնությունների փորձի փոխանակման չորրորդ համաշխարհային քառօրյա աշխատաժողովը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հովանու ներքո անցկացված հանդիպումը մասնագետներին հնարավորություն տվեց կիսվելու փորձով, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները, կատարելագործելու կլիմայական ծրագրերի իրականացման ռազմավարությունները և բացահայտելու տեղական կլիմայական գործողությունների ու ազգային քաղաքականությունների փոխկապվածությունը:
Աշխատաժողովը եզակի հարթակ է համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը խթանելու համար, քանի որ երկրները մեկնարկում են Ճապոնիայի լրացուցիչ բյուջեի (Japan Supplementary Budget – JSB) աջակցությամբ կլիմայական նոր նախաձեռնություններ: Մինչ օրս Ճապոնիայի աջակցությունը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի միջոցով միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել օգտվելու մաքուր էներգիայից և կլիմայական կայուն կենսամիջոցներից:
«Ճապոնիայի պատրաստակամությունն ավելին է, քան ֆինանսական աջակցությունը, որովհետև այն արտացոլում է գործնական գործընկերությունների և ներառական կլիմայական առաջընթացի հանդեպ խորին հավատը»,– նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
«Այս աշխատաժողովը պարզապես փորձի փոխանակման հարթակ չէ։ Այն համատեղ քննարկումների, գաղափարների գեներացման և նպատակների ներդաշնակեցման հնարավորություն է, որը մեզ միավորում է որպես երկրներ ու հաստատություններ, որոնք ունակ են գրանցել բազմապատկիչ էֆեկտներ, ինչպես նաև համագործակցել՝ զարգացող երկրների ընդհանուր օրակարգերի համատեքստում», – նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։
«Այս ծրագրերը կարևոր դեր են խաղում զարգացման հրատապ կարիքներ ունեցող երկրներում արագ և բարձր ազդեցությամբ կլիմայական գործողություններ իրականացնելու համար։ Դրանք գործում են որպես արագացուցիչներ՝ փորձարկելով նորարարական լուծումներ և ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր մասշտաբավորման համար», – ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հպարտ ենք, որ հյուրընկալում ենք այս գլոբալ հանդիպումը և նպաստում JSB-ի աջակցությամբ երկրներում ավելի արդյունավետ ու ներառական կլիմայական գործողությունների ձևավորմանը։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ամբողջ աշխարհում ազդեցիկ և ներառական կլիմայական գործողություններն առաջ մղելու համար», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Քառօրյա աշխատաժողովի օրակարգում ներառված են մասնագիտական նիստեր, փորձի փոխանակում և այցելություններ Հայաստանում JSB-ի աջակցությամբ ֆինանսավորված ծրագրերի իրականացման վայրեր:
ՄԱԶԾ-ի «Կլիմայական խոստում» ծրագիրը ՄԱԿ-ի կլիմայական գործողություններին աջակցության ամենամեծ ծրագրային պորտֆելն է, որն աշխատում է 140-ից ավելի երկրներում ու տարածքներում՝ ուղղակիորեն օգուտ բերելով 37 միլիոն մարդկանց: Պորտֆելն իրականացնում է ավելի քան 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրեր՝ հիմնվելով ՄԱԶԾ-ի փորձառության վրա հարմարվողականության, մեղմացման, ածխածնային շուկաների, կլիմայի և անտառների, ինչպես նաև կլիմայական ռազմավարությունների և քաղաքականության ոլորտներում:
Մինչև 2030 թվականը բեկումնային տարիներ են սպասվում՝ մոլորակի ջերմաստիճանի աճը 1.5℃-ից ցածր պահելու տեսանկյունից: Փարիզի համաձայնագրի մասնակից երկրները իրենց ազգային կլիմայական պարտավորությունների վերանայումն ամփոփելիս՝ պետք է ձգտեն ավելիին, ընդլայնեն կլիմայական լուծումների ծավալը, ինչպես նաև ամրապնդեն ողջ հասարակությանը ներառող մոտեցումներ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Կլիմայի Խոստում» նախաձեռնության առաքելությունն ազգային կլիմայական պարտավորությունները (Ազգային Սահմանված Ներդրումներ) բարելավելու և իրականացնելու հարցում երկրներին աջակցելն է։ Այս աջակցությունը ներառում է բազմաթիվ ոլորտների փորձառություններ՝ հարմարվողականությունից և կայուն էներգետիկայից մինչև կլիմայական ֆինանսավորում, արդար անցում և սոցիալական ներառականություն:
«Կլիմայական Խոստումը» հիմնականում հենվում է հզոր միջազգային գործընկերությունների վրա, որոնք հանգեցնում են արդյունավետ միջամտությունների: Ճապոնիայի Կառավարությունը իր լրացուցիչ բյուջեի միջոցով աջակցություն է ցուցաբերում զարգացող երկրներին՝ կլիմայական լուծումների արագ իրականացման համար: Մեկ տարի տևողությամբ այս ծրագրերը ցույց են տալիս, թե ինչ արդյունքներ կարելի է արձանագրել կարճ ժամանակահատվածում՝ հնարավորություն տալով փորձարկել լուծումներ, որոնք կարող են հետագայում ընդլայնվել իրենց մասշտաբով:
2023 և 2024 թվականներին վերոնշյալ համատեքստում Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված երկրները հանդիպել են համապատասխանաբար Քենիայում և Շրի Լանկայում՝ կիսվելու իրենց գործողությունների արդյունքներով և փոխանակելու իրենց մարտահրավերների ու հաջողությունների փորձը: Այս տարի նմանատիպ աշխատաժողով է անցկացվում Հայաստանում՝ հնարավորություն տալով մասնակից երկրներին օգտվել անցյալի դասերից և համագործակցել գործողությունների արդյունավետ իրականացման համար՝ վերանայելու նախորդ հանդիպումների փորձը՝ նախապատրաստվելով նոր ծրագրերին:
Աշխատաժողովի նպատակն է նպաստել գլոբալ և ազգային կլիմայական գործողություններին՝ նպատակաուղղված միջամտությունների միջոցով, տալով հնարավորություն օգտագործելու անցյալի փորձը, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները և կատարելագործելու նախագծերի իրականացման ռազմավարությունը:
Հիմնական արդյունքը կլինի գործնական համայնքի ստեղծումը, որը կնպաստի գիտելիքների փոխանակմանը և փոխադարձ աջակցությանը նախագծերի ողջ շրջափուլի ընթացքում:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Ֆիլիպիններից, Շրի Լանկայից, Թունիսից, Ուզբեկստանից, Իրաքից և Եմենից կառավարական և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ (ավելի քան 30 մասնակից):