Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 28-ին ընդունել է Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած և մրցանակային տեղեր զբաղեցրած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։ 

Մարզպետը մարզիկներին և մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով և հուշանվերներով՝ բարձր մարզական արդյունքների, սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և նվիրված աշխատանքի համար։

Շնորհավորելով հավաքականի անդամներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ մեծ ոգևորությամբ հետևել է առաջնությանը և վստահ է եղել, որ Հայաստանի հավաքականը կներկայանա պատվով, իսկ շիրակցի մարզիկների հաղթանակին սպասել է առանձնակի հուզմունքով։

«Հայաստանն ու Գյումրին դուք եք դարձնում հաղթանակած։ Ձեր շնորհիվ մենք հպարտությամբ ենք խոսում մեր մարզի, մեր քաղաքի մասին։ Լիազորություններիս և հնարավորություններիս շրջանակում ես միշտ լինելու եմ ձեր կողքին»,-  ասել է մարզպետը՝ շեշտելով նաև մարզիչների հետևողական և նվիրված աշխատանքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար։ 

Կողմերը նաև քննարկել են սպորտային ոլորտում առաջիկա անելիքներն ու ծրագրերը։

ajax-loader