Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում թմրանյութերի լաբորատորիա է փակվել, հայտնել է Коммерсант-ը։
Դրա ենթադրվող արտադրողականությունը գերազանցել է մեկ ամսում 500 կիլոգրամը։ Առգրավվել է ավելի քան 300 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ՝ ավելի քան 1 մլրդ ռուբլի արժողությամբ։ ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ այս խմբաքանակը ռեկորդային է տարածաշրջանի համար։ Չորս կասկածյալներ բերման են ենթարկվել եւ ձերբակալվել։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ թմրամիջոցների լաբորատորիան գտնվել է Մագնիտոգորսկի ավտոտնակների կոոպերատիվներից մեկում։ Տարածքն ուներ երկու ստորգետնյա հարկ, որտեղ արտադրվում եւ պահվում էին ապրանքները վաճառքի համար։ Բերման է ենթարկվել թմրանյութ պատրաստող լաբորանտը։ Խուզարկությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են ավելի քան 240 կիլոգրամ թմրանյութ, լաբորատոր սարքավորումներ եւ պրեկուրսորներ։
Ինչպես նշել է ՌԴ ՆԳՆ-ն, առաջինը ձերբակալվել է հանցագործը, որը պետք է Վերխնեուրալսկի թաղամասի թաքստոցից վերցներ 30 կիլոգրամ թմրանյութ։ Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ մեսենջերի միջոցով հրահանգներ է ստացել անանուն կուրատորից։ Նա մեծ քանակությամբ ապօրինի նյութեր է փաթեթավորել եւ հանցակիցներին հայտնել դրանց գտնվելու վայրը։
Բացի այդ, Չելյաբինսկի Չեբարկուլ քաղաքում Մագնիտոգորսկի մի բնակիչ ձերբակալվել է 3 կիլոգրամ թմրանյութ վաճառելու փորձի ժամանակ։ Միասսում բերման է ենթարկվել հարեւան երկրներից մեկի 35-ամյա մի քաղաքացի, որը ցանկացել է վաճառել 6 կիլոգրամ արգելված նյութ։ Ամբաստանյալների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ենթադրյալ հանցագործները գործել են Կեմերովոյի, Նովոսիբիրսկի եւ Տոմսկի մարզերում։ Գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 30 եւ 228.1 հոդվածներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրություն, վաճառք կամ առաքում):