Ապօրինի գույքի բռնագանձմամբ վերադարձվել է մոտ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ

Պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների ծավալը հասել է շուրջ 210 միլիարդ դրամի, ինչը համարժեք է 530 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է։ Այն գործում է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության քրեական գործերի քննության ձևավորված կառուցակարգերով։ Միլիարդավոր դրամների գույք է արդեն իսկ վերադարձվել պետությանը տարբեր իրավական գործիքակազմերի միջոցով»,-ընդգծեց վարչապետը։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ նշված 210 միլիարդ դրամը վերադարձվել է ավարտված քրեական վարույթների, դատարաններում ավարտված գործերի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի, պետական և համայնքային շահերի պաշտպանության պահանջների, հաշտությունների, ինչպես նաև զինվորական դատախազության կիրառած դատախազական ներգործության միջոցների արդյունքում։

Փաշինյանը հավելեց, որ ներկայումս կառավարությունն ունի կանխարգելման և վերահսկողության հստակ մեխանիզմներ՝ կանխելու համար ապօրինի գույքը ցաք ու ցրիվ անելու հնարավոր ռիսկերը։ 

«Այս պահին շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ»,-նշեց նա։

ajax-loader