Մոտ ապագայում երկրաբանի մասնագիտությունը վերագտնելու է երբեմնի փառքն ու դիրքը. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Նորգեո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ հանրապետության գլխավոր բուհում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։ 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ մայր բուհի ռազմավարությունը մոտակա տարիների կտրվածքով լինելու է նոր միջավայրերի ստեղծումը կրթության որակի բարձրացման և նոր որակի կրթություն տրամադրելու համար։

«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն զուտ ֆիզիկական տարածքը, այլև այն, որ նոր ոճի համագործակցություն է սկսվում բիզնեսի հետ։ Բազմիցս ասել ենք, որ կրթությունն ու բիզնեսը փոխկապակցված են ու չեն կարող գործել իրարից անջատ։ Իրար օգնելով՝ պետք է առաջ մղենք տնտեսությունն ու զարգացնենք երկիրը, դուրս գանք Հայաստանի սահմաններից և զբաղեցնենք կարևոր տեղ միջազգային ասպարեզում։ ԵՊՀ-ն վերջին տարիներին իր քայլերով ու նաև պետության աջակցությամբ կարողացել է ստեղծել բազմաթիվ նոր լաբորատորիաներ, որոնցում ծավալվող աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են։ Դրա ապացույցն է նաև հրապարակված գիտական հոդվածների զգալի աճը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր սիրահարվում են երկրաբանի մասնագիտությանը, ապա այդ զգացմունքը փոխանցում են սերնդեսերունդ։ Դա ապացուցվել է մասնավորապես անվանի երկրաբան Գագիկ Կարապետյանի օրինակով։ 

«Չնայած այն դժվարություններին, որոնց հասկանալի և սուբյեկտիվ պատճառներով բախվել է տվյալ մասնագիտությունը, այնուամենայնիվ արձանագրվում է նաև որոշակի վերածնունդ։ Մասնագիտական ֆակուլտետը նվիրյալների և ուսանողների ջանքերով վերելք է ապրում։ Առաջընթացին նպաստում է նաև գործընկեր կազմակերպությունների՝ ԶՊՄԿ-ի, «Լիդիան Արմենիայի», Կապանի, Գորիսի ձեռնարկությունների և մյուսների հետ սերտ համագործակցությունը, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ ֆակուլտետի հետագա զարգացման գործում և հատկապես հետազոտական բաղադրիչի ավելացման մեջ։ Նրանց ներդրումը նպաստում է ոչ միայն տարածքի, այլև բովանդակության փոփոխությանը, իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ բովանդակությանը տանք նոր որակ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։ 

Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում երկրաբանի մասնագիտությունը վերագտնելու է երբեմնի փառքն ու դիրքը, ինչը տրամաբանական է, որովհետև Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է նաև երկրաբանի մասնագիտությունից, հանքարդյունաբերության ոլորտից, որտեղ աշխատում են ամենախոշոր հարկատուները։   

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ երկրաբանությունը հանքարդյունաբերության պատասխանատու և կարևոր բաղադրիչներից մեկն է։ Նա վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, որը համահունչ է երկրաբանի մասնագիտական տոնին։ Ըստ այդմ՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավում և վերականգնում է բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև։

«Պետական կառավարման համակարգի ու վերահսկողության տեսակետից՝ մեզ համար շատ կարևոր է գիտելիքահեն կառավարումն ու շահագործումը։ Այդ իմաստով մենք աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ ունենք լավ համագործակցության փորձ։ Վերջին երկու տարիներին մեր աշխատակիցները մասնակցել են տարաբնույթ կրթական ծրագրերին։ Վստահաբար նրանց մասնագիտական մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Այն ներուժը, որ ունի այս ֆակուլտետն ու ընդհանրապես գիտական հանրությունն այս ոլորտում, ավելի քիչ է օգտագործվում, քան կարող էր օգտագործվել։ Մեր համագործակցությունը կլինի շարունակական՝ հանուն մեր պետության և ժողովրդի»,- ասաց Մարտիրոսյանը։ 

Միջոցառման ժամանակ զեկուցումներով հանդես եկան ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։

Միջոցառման շրջանակում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ անվանի երկրաբան Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկայացվեց ֆակուլտետի 90-ամյա պատմությունն ամփոփող մասնագիտական ֆոտոգիրքը։ Բացի այդ, ոլորտի ներկայացուցիչները՝ «ՆորԳեո» ընկերության գիտատեխնիկական գծով տնօրեն Հայկ Իգիթյանն ու համահիմնադիրներ Սուրեն Ամիրբեկյանն ու Դավիթ Դավթյանը պարգևատրվեցին շնորհակալագրով, իսկ ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական հուշամեդալով պարգևատրվեցին վաստակաշատ երկրաբան Գագիկ Կարապետյանի որդիները՝ «ՆորԳեո» ընկերության համահիմնադիրներ Մկրտիչ և Ռոբերտ Կարապետյանները։  

ajax-loader