Այս հունվարը 2-րդ ամենաչոր ամիսն էր դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում. օդերևութաբաններ

Այս տարվա հունվարը Հայաստանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ 90-ամյա պատմության մեջ երկրորդ ամենաչոր հունվարն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Լեւոն Ազիզյանը։

Նա նշել է, որ ամենատաքը եղել է 1999թ. հունվարը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025թ. հունվարին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -4,4 աստիճան, որը նորմայից բարձր է 2,4 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի միայն 18 տոկոսն է կազմել։

«2024թ. դեկտեմբերին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -2,8 աստիճան, որը նորմայից բարձր է 1,1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի 40 տոկոսի չափով է եղել»,- նշել է Ազիզյանը։ Նա տեղեկացրել է, որ 2025թ. փետրվարին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում եղել է -6,7 աստիճան, ինչը նորմայից ցածր է 1,5 աստիճանով։ ՊՈԱԿ տնօրենն ավելացրել է, որ փետրվարի առաջին կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։

«Փետրվարի երկրորդ կեսին ձյուն տեղաց, եւ 2017-ից ի վեր առաջին անգամ Արարատյան դաշտը ծածկվեց ձյունով։ Փետրվարին տեղումները կազմել են նորմայի 90-130 տոկոսը, իսկ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի առանձին հատվածներում՝ մինչեւ 200 տոկոսը: Փետրվարի երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով»,- ընդգծել է Ազիզյանը։ Նրա խոսքով՝ այսօր Սեւանա լճում ջրի մակարդակը 1 990,36 մետր է, ինչը 17 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա համեմատ։

ajax-loader