Առաջարկվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր արժեթղթերի հարկային արտոնությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտների ազատումը եկամտային հարկից։ Թունյանը հիշեցրեց, որ 2020 թվականին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ համատեղ մշակվել էր օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերը, ինչպես պետական պարտատոմսերը, ազատվեցին եկամտային հարկից։

«Նպատակը կապիտալի շուկայի զարգացումն ու խթանումն էր։ Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացավ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին»,-նշեց Թունյանը։

Թունյանի խոսքով՝ վերջին 4 տարվա ընթացքում թողարկվող արժեթղթերի ծավալը բազմապատկվել է, ինչը վկայում է, որ հարկային արտոնությունն իր դերը խաղացել է։

«Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով։ Այսինքն` սահմանված արտոնությունը և՛ արդյունք է տվել, և՛ խթանել է շուկայի զարգացումը»,-ընդգծեց նա։

Հաշվի առնելով այս աճը՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է երկարաձգել արտոնության գործողության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

Օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող նոր արժեթղթերի վրա։

Օրինագծի հիմնական դրույթները՝ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերի եկամուտները կշարունակեն ազատվել եկամտային հարկից ևս 3 տարի։

Սա կխթանի ներդրումային շուկայի աճը, կպահպանի ֆինանսական գործիքների նկատմամբ գրավիչ պայմանները։

Փոփոխությունը տարածվելու է 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող արժեթղթերի վրա։

ajax-loader