Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է: 

Այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը:  

«Մեր ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել: Դրա 30–35 տոկոսն իրենց մաքուր շահույթն է»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Ոլորտի 4 ընկերությունների հետ պատգամավորը մոտ 3 ժամ  քննարկում է ունեցել՝ մինչև նախագիծն ԱԺ լիագումար նիստեր բերելը: Քննարկման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, թե մեծ տոկոսով գումարներ են վերադարձնում քաղաքացիներին: 

«Նշում են, որ ծավալի 98.15 տոկոսը հետ են վերադարձնում, և ընդամենը 1.85 տոկոսն է իրենց շահույթը, ինչի հետ չեմ կարող համաձայնել: Չունենք որևէ պետական լծակ՝ հասկանալու համար՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ խաղերի ծրագրային ապահովումներն այնպես են, որ իրենց շահույթը ոչ թե 1.85 տոկոս է, այլ առնվազն 10 տոկոս է՝ խաղադրույքի ընդհանուր ծավալի մասով: Իսկ ընդհանուր մուտք եղած գումարների 30–35 տոկոսը համարվում է ընկերությունների զուտ շահույթ»,–ասաց պատգամավորը:  

ajax-loader