Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ:

WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում:

Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝  ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

«Տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակը  թանգարանային ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է։ Էլեկտրոնային հարթակը պետք է քաղաքացիներին և զբոսաշրջիկներին բարձրակարգ ծառայություն մատուցի, որպեսզի  օգտվելով այս գործիքից՝  նրանք մշակութային ժառանգությանը հաղորդակցվեն ավելի հեշտ ու հարմար եղանակով: Համակարգից օգտվող  հազարավոր շահառուների սպասարկումը պատասխանատու աշխատանք է, և ընթացքում համակարգը կարող է ունենալ նաև լավարկումների և տեխնիկական հնարավորությունների զարգացման կարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով համակարգի շարունակական ընդլայնման և տեխնիկական բարելավման անհրաժեշտությունը:

ajax-loader