Թրամփն ԱՄՆ-ը «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու գործադիր հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է գործադիր հրաման՝ ուղղված թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդմանը և երկիրը «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի» վերածելուն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթղթում։

«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը նախատեսված է թվային ֆինանսական տեխնոլոգիաների կարգավորման հարցում հստակություն ապահովելու և թվային ակտիվների տնտեսության մեջ Ամերիկայի դիրքը որպես գլոբալ առաջատար ապահովելու, բոլոր ամերիկացիների համար նորարարության և տնտեսական հնարավորությունների խթանման համար»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը կատարում է ԱՄՆ-ը «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու՝ իր խոստումը։

Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, հրամանագրով առաջարկվում է թվային ակտիվների շուկաների վերաբերյալ նախագահական աշխատանքային խումբ ստեղծել՝ թվային ֆինանսների ոլորտում ԱՄՆ-ի առաջատարությունն ամրապնդելու համար:

ajax-loader