Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. քաղաքապետարան

Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները ձյունից մաքրված են եղել և երթևեկելի: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և հիշեցնում՝ Երևանի ավագանու 2009 թ. որոշմամբ՝ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը: 

«Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում,  Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև մայթերը մաքրելու գործընթացը:  Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ տեղանքով հատվածներում: 

Հիշեցնում ենք, որ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո՝ ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

ajax-loader