Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են լուսավորության արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի լուսավորության արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 262 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է լուսավորության արտաքին ցանցի կառուցում Ծովինարի 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք փողոցներում, 3040 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 118 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 21-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Առսարքտեխ» և «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ները։