Չինական Tencent տեխնոլոգիական կոնգլոմերատը միավորվել է Visa-ի հետ՝ թվային վճարումների համար ափի ճանաչման իր տեխնոլոգիան միջազգային ասպարեզ հանելու նպատակով՝ սկսելով այս գործընթացը Սինգապուրից, հաղորդում է Finextra.com-ը:
Համագործակցության շրջանակում Visa-ի քարտապանները Սինգապուրի մասնակից բանկերից, ներառյալ՝ DBS-ը, OCBC-ն եւ UOB-ը, կմասնակցեն փորձնական ծրագրին:
Մասնակիցները կանցնեն մեկանգամյա գրանցում վաճառքի կետում, որտեղ նրանց կառաջարկվի հպել իրենց Visa քարտը, սքանավորել ափը եւ անցնել նույնականացում:

Գրանցումից հետո Visa վճարման տոկենը «կկապվի» նրանց ափի կենսաչափական ձեւանմուշին, ինչը թույլ կտա հետագա վճարումները կատարել մասնակից առեւտրային կետերում՝ պարզապես թափահարելով ափը. քարտեր կամ հեռախոսներ չեն պահանջվի:
Ընդգծելով իր լիազորություններն անվտանգության ասպարեզում՝ Tencent-ը հայտարարել է, որ օգտագործում է երկքայլ գործընթաց, որը ստուգում է եւ՛ ափի դրոշմը, եւ՛ մաշկի տակ գտնվող երակների յուրահատուկ նախշերը: Օգտատիրոջ տվյալները գաղտնագրվում են անշրջելի եղանակով, ինչը կանխում է վերծանումը, գողությունը կամ վերօգտագործումը երրորդ անձանց կողմից:

«Հիմք ընդունելով մեր կենսաչափական ուսումնասիրությունը՝ Սինգապուրի 10 սպառողներից մոտ 7-ը համարում են սա վճարման անվտանգ միջոց: Մեր նպատակն է բարելավել վճարման գործընթացը եւ երաշխավորել, որ մեր հաճախորդները կկարողանան վայելել անխափան գործարքներ անվտանգության ամենաբարձր մակարդակով»,- նշել է Սինգապուրում եւ Բրունեյում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Ադելին Քիմը: