Կոլումբիայում բռնել են իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին

Կոլումբիայի ոստիկանությունը բռնել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Գուստավո Նոչելային, որը համարվում է աշխարհում ամենից շատ որոնվող թմրավաճառներից մեկը։ Այս մասին X-ում տեղեկացրել է հարավամերիկյան երկրի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Ռենե Սալամանկան։

Նրա խոսքով՝ կոլումբիական ոստիկանությունը իտալացի գործընկերների, Եվրամիության ոստիկանական ծառայության եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների աջակցությամբ պարզել է, որ Նոչելան գտնվում է Կոլումբիայում։ Semana ամսագրի տվյալներով՝ թմրավաճառը ամեն երեք ամիսը մեկ մի բնակարանից մյուսն է տեղափոխվել, բայց դրանցից յուրաքանչյուրում նա բիլիարդի սեղան է տարել, ինչն էլ թույլ է տվել պարզել նրա գտնվելու ճիշտ տեղը ձերբակալելու համար։

«Բիլիարդի սեղանն էլ մատնել է իտալական մաֆիայի նոր «կնքահորը»։ Մենք Մեդելյինում բռնեցինք աշխարհում ամենից շատ որոնվող թմրավաճառներից մեկին՝ իտալացի Գուստավո Նոչելային՝ Էրմես մականունով, որը գլխավոր կապող օղակն էր Ռինալդի-Ֆորմիկոլա, Ամատո-Պագանո եւ Դե Միկո կլանների եւ հարավամերիկյան մաֆիայի միջեւ»,- գրել է Սալամանկան։

ajax-loader