

Հաստատված է
«Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միություն» ՀԿ խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի
թիվ 1 արձանագրության թիվ 1 որոշմամբ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1․ ՆՊԱՏԱԿԸ
- Սույն քաղաքականության նպատակն է` սահմանել «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միությունում» շահերի բախման և հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները և դրանց կիրառման մոտեցումները:
- «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» հավատարիմ է էթիկապես կայուն բիզնեսի վարման սկզբունքներին, ինչն էլ ամրագրվում է սույն քաղաքականությամբ և նպատակ ունի՝
- ներկայացնել ազնիվ բիզնեսի վարման միտումները՝ էթիկայի բարձր ստանդարտներին համապատասխան,
- հստակեցնել վարքագծի այն տեսակները, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման, առաջացնել կոռուպցիոն իրավիճակներ կամ մեծացնել դրանց գոյանալու հավանականությունը,
- ապահովել, որպեսզի ֆինանսական և այլ ռեսուրսները Միությունում օգտագործվեն և ուղղվեն իրենց հիմնական գործառույթի ապահովմանը և աշխատակիցների կողմից չօգտագործվեն զուտ անձնական և շահադիտական նպատակներով,
- Միությունում խրախուսել ազնիվ և թափանցիկ աշխատելաոճ,
- սահմանել Միության ղեկավարության դիրքորոշումը կոռուպցիայի և շահերի բախման հնարավոր դեպքերի առաջացման ռիսկերի և դրանց կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաև սահմանել Միության և Միության աշխատակիցների կողմից անընդունելի վարքագիծն ու աշխատելաոճը:
ԳԼՈՒԽ 2․ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
- Սույն քաղաքականության մեջ օգտագործվող սահմանումներն ու հապավումներն ունեն հետևյալ նշանակությունը՝
- Միություն՝ «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միություն»,
- Աշխատակից` Միության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած անձ (այդ թվում՝ Միության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած աշխատակից) և Խորհրդի անդամներ,
- Կոռուպցիա՝ պաշտոնեական լիազորությունների (դիրքի) չարաշահում՝ անձնական օգուտ ստանալու նպատակով,
- «Պասիվ» կաշառք՝ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից՝ անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար,
- «Ակտիվ» կաշառք՝ ուղղակի կամ անուղղակի որևէ անհիմն առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տալը ցանկացած անձի, ով ղեկավարում կամ աշխատում է մասնավոր հատվածի կազմակերպության որևէ պաշտոնում, որպեսզի տվյալ անձը իր լիազորությունների/պարտականությունների խախտմամբ գործի կամ զերծ մնա որոշակի գործողություններ կատարելուց՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած մեկ այլ անձի օգտին,
- Շահերի բախում՝ իրավիճակ, երբ Աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել և հանգեցրել կամ կարող է հանգեցնել Միության եկամուտների կրճատմանը կամ Միությունը այդ գործողությունների հետևանքով կրել կամ կարող է կրել վնաս,
- Փոխկապակցված անձ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ կապված կամ փոխկապակցված անձ՝ անկախ միևնույն տնտեսություն վարելու հանգամանքից,
- Հաճախորդ՝ ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), որը օգտվում է կամ օգտվել է Միության կողմից մատուցվող ծառայություններից, դիմում է կամ հնարավոր է, որ կդիմի դրանցից օգտվելու համար,
- Գործընկեր (ներ)՝ Միության հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ մատակարար, կոնտրագենտ (այդ թվում՝ պոտենցիալ), ինչպես նաև Միության հետ գործարար հարաբերություն կնքած կամ պոտենցիալ գործընկեր,
- Համբավի ռիսկ՝ հավանականություն է, որը Միության վերաբերյալ հանրության բացասական կարծիքը (իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող) կհանգեցնի հաճախորդների թվաքանակի նվազման, Գործընկերների/Հաճախորդների հետ իրականացվող գործառնությունների ծավալի կրճատման, ծախսատար դատական գործընթացների և եկամտաբերության անկման: Համբավի ռիսկը կարող է առաջացնել նաև իրացվելիության խնդիրներ, բաժնետոմսերի գների անկում և այլն:
ԳԼՈՒԽ 3․ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
- Հակակոռուպցիոն քաղաքականության կարգավորման առարկան ներառում է՝
- գործողությունների կամ վարքագծի շրջանակի սահմանումը, որը Միության տեսանկյունից կարող է դիտարկվել որպես կոռուպցիոն հատկանիշներ ունեցող գործողություն կամ վարքագիծ,
- Աշխատակիցների այն գործողությունների կամ վարքագծի նկարագրության սահմանումը, որն ընդունելի չէ Միության համար,
- Միությունում տեղեկատվության փոխանցման այնպիսի մեխանիզմների սահմանում, որոնք հնարավորություն կտան ժամանակին ու հստակ ստանալ տեղեկատվություն կատարված (կամ պոտենցիալ) կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ՝ համարժեք քայլեր ձեռնարկելու համար,
- Միությունում Աշխատակիցների շահերի բախման հնարավոր դեպքերի վաղաժամկետ բացահայտման/ինքնաբացարկի վարքագծի սահմանումը և դրանց ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը, ինչպես Միության ներքին ակտերով սահմանված դեպքերում, այնպես էլ հավանական/պոտենցիալ շահերի բախման դեպքերի առաջացման ժամանակ,
- Կատարված (կամ պոտենցիալ) կոռուպցիոն դրսևորման վերաբերյալ տեղեկատվության փոխանցման երկաստիճան մակարդակի կազմակերպումը՝ ապահովելով կոնֆիդենցիալություն։ Նշված գործընթացի ապահովումն իրականացվում է սույն քաղաքականության 23-րդ կետում նկարագրված՝ բացահայտում և կանխարգելում փուլում։
ԳԼՈՒԽ 4․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն քաղաքականությամբ սահմանված սկզբունքներն ու դրանց կիրառումը հանդիսանում են Միության համապատասխանության ռիսկի կառավարման գործընթացի անբաժանելի մասը։
- Միության կողմից կոռուպցիոն դրսևորումների ու շահերի բախման հավանական ռիսկերի զսպմամբ առնվազն ապահովվում է՝
- Միության իրավասու մարմինների ներգրավվածությունը Միությունում որոշումների կայացման ու գործարքների կնքման գործընթացներում՝ ՀՀ օրենսդրությամբ և Միության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով,
- ռիսկերի գնահատման գործընթացների ներդրումը՝ սույն քաղաքականությամբ սահմանված դեպքերում (այդ թվում՝ Միության համբավի, գործառնական, զեղծարարությունների ռիսկի),
- գործարքների թափանցիկության խելամիտ մակարդակի ապահովումը՝ որոշումների կայացման բոլոր հնարավոր փուլերում,
- կատարված ծախսերի հաստատումը՝ համաձայն Միության ներքին իրավական ակտերի պահանջների,
- որոշումների կայացման, իրավասությունների տրամադրման գործընթացների կարգավորումը, ինչպես նաև շահերի բախման հնարավոր դեպքերի բացառումը/խուսափումը նշված գործընթացներում,
- առկա ու հավանական գործընկերների պատշաճ ուսումնասիրություն (due diligence), այդ թվում՝ մինչև գործարար հարաբերությունների հաստատումը կատարված ուսումնասիրությունների իրականացում, դրանց արդյունքների գրանցում ու պահպանում, իսկ համագործակցության ընթացքում՝ պարբերական ուսումնասիրություններ, դրանց արդյունքների գրանցում ու պահպանում՝ Միության ներքին ակտերի պահանջներին համապատասխան,
- կաշառքի կամ շահերի բախման դեպքերի մասին տեղեկացումների մեխանիզմների ներդրումը՝ Միության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան,
- սույն քաղաքականության դրույթների վերանայումը և ծանուցումը Միության աշխատակիցներին ՝ համաձայն Միության ներքին իրավական ակտերի պահանջների,
- Աշխատակիցների համար պարբերաբար ուսուցումների կազմակերպումը։
- Կաշառքի հավանական դեպքը կարող է առիթ դառնալ քրեական վարույթի նախաձեռնմանը կամ ֆինանսական համակարգը կարգավորող մարմնի ստուգումների, որոնք էլ հնարավոր է առաջացնեն նախազգուշացումներ, տուգանքներ կամ բիզնեսի համար այլ ծախսեր, ինչպես նաև Միության համբավի ռիսկի մակարդակի աճ։ Ֆիզիկական անձինք, ովքեր ներգրավված են կաշառքի հետ կապված գործառնությունների մեջ, հավանական է, որ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Կաշառքի դեպք կարող է համարվել նաև մրցակիցների կամ երրորդ անձանց կողմից իրավական գործողություններ չիրականացնելը։
- Միությունը հաստատում է, որ չի հանդուրժում կաշառքի որևէ դրսևորում և, հետևաբար, Միության քաղաքականությունն ուղղված է՝
- կաշառքի ստացման կամ տրամադրման, ինչպես նաև շահերի բախման հնարավոր դեպքերի բացառմանը,
- կաշառքի ստացման կամ տրամադրման, ինչպես նաև շահերի բախման հնարավոր դեպքերի հանգամանորեն ուսումնասիրմանը և ցանկացած նման դեպքի մասին համապատասխան իրավասու մարմիններին հաղորդմանը/տեղեկացմանը։
- Միությունում ցանկացած որոշում պետք է կայացվի ՀՀ օրենսդրության, սույն քաղաքականության դրույթներին, Միության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
- Աշխատակիցներին ցանկացած պարագայում արգելվում է անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոցներ, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար։ Միության համար անընդունելի են որևէ մեկի օգտին որևէ գործողություն կատարելու համար նվերների ստացումը, որի մասով առավել հստակ ընթացակարգերը նկարագրված են Միության այլ ներքին իրավական ակտերով։
- Աշխատակցին արգելվում է նաև ուղղորդել Միության այլ Աշխատակիցներին կամ հաճախորդներին ու երրորդ անձանց՝ անձամբ կամ այլ անձանց միջնորդությամբ առաջարկել, տալ, խոստանալ, պահանջել և ստանալ կաշառք` հօգուտ իր հետ փոխկապակցված անձանց։ Աշխատակցին արգելվում է բանկային կամ առևտրային գաղտնիք պարունակող, ինչպես նաև Միության բնականոն գործունեությանը առնչվող, սակայն ոչ հանրամատչելի տեղեկատվության որևէ տարբերակով հրապարակումը կամ այլ անձին/անձանց հայտնելը։
- Աշխատակիցներին արգելվում է իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, մասնավորապես, Աշխատակցի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս Միության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ Միության իրավունքներին, օրինական շահերին։
- Աշխատակիցները կրում են անձնական պատասխանատվություն, բոլոր այն դեպքերի համար, երբ իրենց անձնական հետաքրքրությունը կամ շահն ազդում է կամ կարող է ազդել իրենց գործողությունների օբյեկտիվության, մասնագիտական դատողությունների, օրինականության վրա և/կամ ուղղակի կերպով հակասել է կամ կարող է հակասել Հաճախորդների, Գործընկերների շահերին։
- Աշխատակիցները տեղեկացված են, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի՝ կաշառք տալը և կաշառք ստանալը, կաշառքի միջնորդությունը, այդ թվում՝ առևտրային կաշառքը, հանդիսանում է քրեորեն պատժելի արարք։
- Աշխատակիցներին արգելվում է շահադիտական նպատակներով այլ անձանց հայտնել Միության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կիրառվող սակագների շրջանցման հնարավոր տարբերակների մասին։
- Աշխատակիցներին արգելվում է շահադիտական նպատակներով այլ անձանց հայտնել, կամ անձամբ օգտագործել, իրենց հայտնի դարձած հավանական տեխնիկածրագրային բացերը, ծրագրային հնարավորությունները շրջանցելու տարբերակները։
- Աշխատակիցներին արգելվում է Հաճախորդներին առաջարկել կամ Հաճախորդների հետ կնքել այնպիսի արհեստական գործարքներ, որոնք միտված են իրենց կատարողական ցուցանիշների ապահովմանը և չեն բխում Միության շահերից։
- Միությունն ակնկալում է, որ Միության Հաճախորդները և Գործընկերները ևս պահպանում են շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելման ընդունելի սկզբունքները և առաջնորդվում են էթիկապես ազնիվ բիզնեսի վարման կանոններով։
- Միությունը չի ֆինանսավորում կամ որևէ այլ կերպ չի աջակցում քաղաքական կուսակցություններին, այդ թվում՝ քաղաքական պաշտոնի թեկնածուներին, նրանց նախընտրական արշավներին կամ քաղաքական այլ միջոցառումներին կամ որևէ քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությանը կամ շարժմանը: Միևնույն ժամանակ, Միության հաճախորդներ կարող են հանդիսանալ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական կուսակցությունները՝ սպասարկվելով համաձայն Միության կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված հրապարակային սակագների և պայմանների։
ԳԼՈՒԽ 5․ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՎ ԿԱՇԱՌՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Միությունում արգելված է «Ակտիվ» և «Պասիվ» կաշառքի ցանկացած դրսևորում՝ անկախ դրա փաստացի լինելու հանգամանքից։
- Սույն քաղաքականության իմաստով կոռուպցիոն դրսևորում է համարվում՝
- Ցանկացած արտոնություն, որոնք են՝
ա․ շահադիտական դրդումներով կատարված պաշտոնեական լիազորությունների (դիրքի) չարաշահման արդյունքում որևէ տեսակի չհիմնավորված և չթույլատրված ֆինանսական օգնության կամ այլ կերպ արտոնության տրամադրումը կամ ստացումը, կամ դրանց առաջարկելը կամ առաջարկի ստացումը,
բ․ ստացված նյութական արժեքներ՝ անկախ դրա ձևից՝ կանխիկ թե կանխիկին համարժեք (օրինակ՝ նվեր քարտի տեսքով), կամ անկանխիկ առավելություններ, ինչպիսիք են՝ նվերները, տարատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորության անօրինական ստացման, տույժ-տուգանքներից անօրինական կերպով ազատվելու հնարավորությունը, որևէ պարտավորության կատարման անօրինական զիջումը և այլն։ Ընդ որում, սույն քաղաքականությունից կարող են բացառություն կազմել այն նվերները, որոնց ստացումը թույլատրվում է Միության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
- ցանկացած այլ տեսակի գործողություն, որը ՀՀ օրենսդրությամբ կարող է դիտարկվել որպես կաշառքի դրսևորում։
- Միությունում շահերի հնարավոր բախման դրսևորումներն են՝
- Միության Հաճախորդի կամ Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության հայտնումը երրորդ անձանց, այդ թվում՝ բանկային կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանցումը որոշակի անձնական ստացված կամ ակնկալվող օգուտների դիմաց,
- Միության և Հաճախորդի միջև, երբ գործարքների ձևակերպումը կամ դրանց առաջարկը կատարվում է ոչ շուկայական առաջարկի կամ հրապարակային օֆերտայի գնով/արժեքով/պայմաններով, այլ ուրիշ գնով/արժեքով/պայմաններով՝ ի շահ կամ ի վնաս Միության, որի ետևում ընկած են Աշխատակցի/ների անձնական օգուտներ ստանալու նեղ անձնական շահերը,
- Միության Հաճախորդի և Աշխատակցի միջև, այդ թվում՝ երբ գործարար հարաբերության որևէ փուլում Աշխատակցի կողմից մեկ Հաճախորդի տրվում է առավելություն՝ ի վնաս մեկ այլ Հաճախորդի շահերի,
- Միության և Աշխատակցի միջև, այդ թվում՝ Աշխատակիցների կողմից իրենց անձնական շահերին ուղղված՝ աշխատանքային պարտականությունների չարաշահման կամ գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքերը,
- Շահերի բախման այլ տեսակներ՝ սկսած բանկային գործառնությունների կատարումից մինչև գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքերը, երբ փաստացի ապացուցվում է շահերի բախման դեպքը։
- Սույն քաղաքականության կիրառման նպատակով Միությունում իրականացվող գործընթացները կատարվում են հետևյալ փուլերով՝
- Բացահայտում և կանխարգելում, այդ թվում՝ Գործընկերների գործարար համբավի ուսումնասիրություն՝ նախքան գործարար հարաբերության հաստատելը, նոր աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվության հասանելի աղբյուրներից ստացված տեղեկությունների պատշաճ ուսումնասիրություն՝ նախքան աշխատանքային պայմանագիր կնքելը, Աշխատակիցների համար պարբերաբար տեղեկատվական նյութերի կազմումը և ուղարկումը՝ ապահովելու համար վերջիններիս տեղեկացվածությունը սույն քաղաքականության և Միության այլ ներքին ակտերի դրույթներին, ըստ անհրաժեշտության՝ Աշխատակիցների կողմից կամ վերջիններիս օգտին կատարված գործարքների ընտրանքային ուսումնասիրությունների նախաձեռնում,
- Գնահատում, այդ թվում՝ ստացված տեղեկատվության հիմնավոր լինելու փաստից մինչև դեպքի հանգամանքների պատշաճ ուսումնասիրություն, համապատասխան առաջարկությունների կազմում՝ կոլեգիալ որոշմամբ, դրանց վերաբերյալ Միության իրավասու մարմնին տեղեկատվության ներկայացում,
- Կարգավորում, այլ թվում՝ բացահայտված դեպքի հետ կապված հնարավոր լուծման ու կանոնակարգման բոլոր պահանջվող գործողությունների կազմակերպում, դեպքի հետ կապված փաստաթղթերի, նամակագրությունների ու նյութերի հավաքագրում և պահպանում՝ «Գաղտնի» մակնշմամբ։
- Բացահայտում և կանխարգելում փուլի ապահովման պատասխանատուն Միությունում բոլոր ստորաբաժանումներն են՝ իրենց կողմից նախաձեռնված գործառնությունների շրջանակներում։ Ընդ որում, սույն քաղաքականությամբ սահմանված հատկանիշներով շահերի բախման կամ կոռուպցիայի որևէ դրսևորման կամ հավանական դրսևորման ազդակների ստացման դեպքում Աշխատակիցը պարտավոր է գրավոր հայտնել իր անմիջական ղեկավարին՝ նկարագրելով դեպքի մանրամասները։ Ընդ որում, եթե շահերի բախման կամ կոռուպցիայի որևէ դրսևորման կամ հավանական դրսևորման կողմերից մեկը հանդիսանում է Աշխատակցի անմիջական ղեկավարը, ապա Աշխատակիցը նշված տեղեկատվությունը փոխանցում է ավելի բարձր ղեկավարին։
- Գնահատման և կարգավորման փուլերն իրականացվում են Միության ռիսկերի գնահատման և համապատասխանության ապահովման գործառույթների շրջանակում։
- Գործընկերների և Միության միջև գործարար հարաբերությունների հաստատումը պայմանագրով ամրագրվում է և կողմերը պարտավորվում են ծանոթանալ ու հաստատել, որ ծանոթացել են սույն քաղաքականության պահանջներին և տեղյակ են, որ գործընկերային հարաբերություններում որևէ կոռուպցիոն ռիսկի դրսևորում կարող է հանգեցնել ինչպես գործընկերային հարաբերությունների դադարեցման, այնպես էլ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման։
- Միության կողմից սույն քաղաքականության 26-րդ կետից կարող են բացառություններ սահմանվել այն դեպքերում, երբ գործընկերոջ հետ կնքվող պայմանագրում 26-րդ կետի պահանջի ամրագրմանն ուղղված ջանքերը համապատասխան արդյունք չեն ապահովել և տվյալ պայմանագրի կնքումը էական ազդեցություն ունի Միության գործունեության համար։
ԳԼՈՒԽ 6․ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Միությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը գնահատվում են տարեկան առնվազն 1 անգամ և ռիսկերի գնահատման հաշվետվությունը ներկայացվում է Խորհրդին։
- Փաստացի կատարված կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է Խորհրդին՝ կախված դեպքի գումարի մեծությունից և ազդեցության չափից։