Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:
Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2024 թվականի 9 ամիսների համար:
Զուտ շահույթ
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25%-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։
Ըստ մեր նախնական կանխատեսումների, ՀՀ բանկային համակարգի կապիտալի շահութաբերության գործակիցը (ROE) 2024 թվականին կլինի շուրջ 20%, իսկ զուտ շահույթը շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար։
Նշված ժամանակաշրջանում բոլոր 18 բանկերը գրանցել են շահույթ:
Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 82,6 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։

Լուսանկարը՝ RUMELS Management Solutions
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 14,3%-ով։
Առ 30.09.2024թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.752 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 57%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։

Լուսանկարը՝ RUMELS Management Solutions
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60,4%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.7%:

Լուսանկարը՝ RUMELS Management Solutions
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2024 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել է 78 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով։
Առ 30.09.2024 բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 467 մլրդ ՀՀ դրամ։
18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։

Լուսանկարը՝ RUMELS Management Solutions
Ընդհանուր կապիտալ
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 260 մլրդ ՀՀ դրամով, կամ 17,6%-ով ու կազմել 1.739 մլրդ ՀՀ դրամ։
Այս աճը հիմնականում պայմանավորված է գրանցված շահույթով, որը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ։
Նշված ժամանակահատվածում 4 բանկեր էականորեն ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալները՝ ընդհանուր 83,4 մլրդ ՀՀ դրամով, հիմնականում կուտակված շահույթի հաշվին՝
– Արդշինբանկը՝ 50,2 մլրդ ՀՀ դրամով,
– Ինեկոբանկը՝ 20,5 մլրդ ՀՀ դրամով,
– Ֆասթ Բանկը՝ 10 մլրդ ՀՀ դրամով,
– Հայէկոնոմբանկը՝ 2,7 մլրդ ՀՀ դրամով
Նշված ժամանակահատվածում թվով 9 բանկեր հայտարարագրել են դիվիդենտներ՝ ընդհանուր 88,2 մլրդ ՀՀ դրամի։
2024թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: