Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում հիմնադրված ինտենսիվ այգին առաջին բերքն է տվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում 2023 թվականին հիմնադրված ինտենսիվ այգում առաջին բերքահավաքն է, որին մասնակցել են նաև մարզպետ Կարեն Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, պաշտոնական այլ անձինք։ 

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ինտենսիվ այգու առաջին բերքահավաքը համընկել է դպրոցի տնօրինության ու մանկավարժների նախաձեռնությամբ կազմակերպված «Բերքի տոն» և «Մեծ փուռ» միջոցառումների հետ։ 

Ինտենսիվ այգու հիմնադրման ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարին, որի շրջանակներում դպրոցի տանիքին տեղադրվել է 25 կվտ /ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած հոսանքը ծառայում է ինտենսիվ այգու մշակման, ինչպես նաև դպրոցի մյուս կարիքներին, հիմնանորոգվել և կահավորվել է դպրոցի ճաշարանը, որտեղ տաք սնունդ է տրվում դպրոցի տարրական դասարանների 74 աշակերտի։ Ստեղծվել է նաև չորանոց, որտեղ արդեն ստացված բերքից չրեր են արտադրվում, պտուղն էլ օգտագործվում է «Դպրոցական սնունդ» ծրագրում։ 

Այգին հիմնվել է Իտալիայից բերված տանձի, խնձորի, սև սալորի, անփուշ մոշի 600 տնկիով, կաթիլային ոռոգման համակարգով ու հակակարկտային պաշտպանիչ ցանցերով։ Այգում աշխատանքներ են կատարում նաև բարձր դասարանների աշակերտները՝ գործնականում ծանոթանալով և տիրապետելով այգեգործության նրբություններին։ Դպրոցամերձ տարածքում մանկավարժների և աշակերտների ուժերով աճեցվել են բանջարբոստանային մշակաբույսեր, որոնց տված բերքն օգտագործվում է երեխաներին լրացուցիչ սննդով ապահովելու նպատակով։ 

Ինտենսիվ այգու առաջին բերքահավաքից հետո հյուրերն այցելել են «Բերքի տոն» և «Մեծ փուռ» միջոցառումների շրջանակում ձևավորված տաղավարներ, որոնք լի էին աշնանային բերք ու բարիքով, Գանձակի խոհանոցին բնորոշ բազմատեսակ ուտեստներով, կոլորիտով։ 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բարձր տեխնոլոգիաների ջերմատներ են հիմնվել Գեղարքունիք և Մեծ Մասրիկ գյուղերի միջնակարգ դպրոցներում, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ՝ Ծովինարի և Գանձակի թիվ 2 միջնակարգ, Մարտունի քաղաքի թիվ 2, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ծաղկունքի դպրոցներում։

ajax-loader