2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն, հայտնում է Reuters-ը։

Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս տարվա ֆավորիտների թվում են նաև Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նշվում է, որ UNRWA-ին մրցանակ շնորհելը հակասական կլինի, հատկապես, հաշվի առնելով այն տեղեկությունները, որ գործակալության մի քանի աշխատակիցներ ներգրավված են եղել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակմանը:

Բուքմեյքերների ֆավորիտներն են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը մահացել է բանտում, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Reuters-ը նշում է, որ Նավալնին չի կարող արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ այն հետմահու չի շնորհվում, իսկ Զելենսկին դժվար թե հաղթի, քանի որ նա ղեկավարում է պատերազմող երկիր։

2024 թվականի Նոբելյան մրցանակակիրները հայտնի կդառնան հոկտեմբերի 7-ից 14-ը։ Խաղաղության մրցանակակրի անունը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն կհայտարարի հոկտեմբերի 11-ին։

2023 թվականին այս մրցանակը ստացել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադին։

Նյութի աղբյուրը՝ Factor.am https://factor.am/816895.html

ajax-loader