Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը:
Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որը, լինելով ամենահին ավանդական ուսումնական հաստատությունը, այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 1922 թվականին հիմնադրված համալսարանն արտացոլում է կրթական և գիտական գործընթացների արդյունավետ փոխազդեցությունը՝ հիմնված արտասահմանյան բուհերի հետ միջազգային հարաբերությունների մշտական ընդլայնման վրա։
Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ՝ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։
«Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են կոնկրետ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: