Հայաստանում մոլախաղերի կազմակերպիչները, ավելի քան 5 մլն դրամ շահման դեպքում, պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ։ Այդ մասին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 10-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ խաղային բիզնեսի ոլորտը այժմ էլ կարգավորվում է պետության կողմից։
«Այն գտնվում է պատշաճ հարկման դաշտում։ Իսկ այս նախագծի օգնությամբ մենք կկարգավորենք հենց շահումների հարկումը, որոնք, համաձայն գործող Հարկային օրենսգրքի, համարվում են հանվող եկամուտ եւ չեն հարկվում»,- ասել է Բադասյանը։
Իսկ ինչ վերաբերում է մյուս բոլոր շահումներին, ապա, ինչպես նշել է ՊԵԿ ղեկավարը, կկիրառվի հաշվարկի տարեկան մեթոդաբանություն։
«Այլ խոսքով, եթե տարվա ընթացքում արված բոլոր տոկոսադրույքների եւ ստացված շահումների միջեւ դրական տարբերություն լինի, ֆիզիկական անձին կառաջարկվի այդ դրական տարբերությունն արտացոլել տարեկան հայտարարագրում եւ վճարել պետական բյուջե 5 տոկոս դրույքով»,- նշել է Բադասյանը։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։