Կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը

Սիրված հերոսը մանուկների համար դարձել է էլ ավելի պատկերվոր, գունազարդ, հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով. Նկարիչների Միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը:

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Այն նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանը, որը նաեւ նախագծի տնօրենն է, ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը («ԹԻՎ 405»)։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի վրա աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձեւավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը: Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ եւ Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որի հաջողությունն էլ, Գոհար Գասպարյանի խոսքով, դարձավ նոր գաղափարի սկիզբը: 

SART1135.JPG (200 KB)

Պատկերազարդման հիմքում «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումն է՝ այն, ինչ 1900-ականների սկզբին Թումանյանը նախաձեռնել էր մի մեծ նպատակով, ասում է Անի Եղիազարյանը: «Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետեւ ազգակին արժանապատվության եւ հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր: Այն, ինչ արել է Թումանյանը, արել է կատարյալ, եւ պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում անել՝ ընդամենը թումանյանական տեքստը մի քիչ դարձնել պատկերապատման ժանրին համապատասխան: Այստեղ որեւէ տեքստային հատված հորինված չէ՝ առանցքը թումանյանական տեքստն է, որին զուգորդված են որոշ դետալներ»,-մանրամասնեց նա: 

Պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը նշում է, որ այս կոմիքսի յուրահատկությունը նրանում է, որ այստեղ Դավիթը պատկերված է՝ որպես 18-ամյա երիտասարդ, ինչը, ըստ նրա, նաեւ դարձել է նյութի մատուցման դժվար կողմը: 

SART1465.JPG (62 KB)

«Երբ սկսեցինք ուսումնասիրել մինչ այժմ ստեղծված Դավիթներին, տատանումը շատ մեծ էր՝ ընդհուպ մինչեւ 40 տարեկան: Իսկ դժվարությունը նրանում է, որ երբ դու ուզում ես նկարել որեւիցե հուժկու հերոսի, որը պետք է հաղթի Մսրա Մելիքին, մի տեսակ հեշտ չէ 18 տարեկան կերպարով «համոզելը»:  Այդ համոզելու վրա մենք շատ ենք տանջվել, առնվազն 100 էսքիզ է արվել միայն Դավթի դեմքը գտնելու համար, ու դա տեւել է առնվազն երկու ամիս»,- պատմեց նա: 

116 էջից բաղկացած հաստ կազմով եւ հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»–ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ:  

Նախաձեռնության հեղինակները չեն պատրաստվում այսքանով եզրափակվել: Գոհար Գասպարյանի խոսքով՝ հաջորդիվ ցանկություն ունեն անդրադառնալու Հայոց գրերի գյուտի թեմային: 

ajax-loader