Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրին։
Վարկային համաձայնագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն 500 հազար եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։
Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ