«Նոթեյշնս»․ 9 երկրից 30 արվեստագետ Երևանում մասնակցում է երաժշտական լաբորատորիային

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային, որն անցկացվոելու է մինչ օգոստոսի 3-ը՝ Երևանում, մասնակցում է ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և ևս 9 երկրից։ Նրանք կուսումնասիրեն, կվերաիմաստավորեն և կվերափոխեն հայկական դասական երաժշտությունը։

Hosq-ի կազմակերպած լաբորատորիայի ընթացքում մասնակիցները, աշխատելով արխիվային ստեղծագործությունների հետ, կփորձարկեն ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ընդլայնելով ավանդական կառուցվածքների սահմանները և ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։

Արվեստագետները կընկղմվեն հայկական երաժշտության հարուստ ժառանգության մեջ՝ կիրառելով ժամանակակից ձայնային տեխնիկա և առաջատար մուլտիմեդիա գործիքներ։ Նպատակն է ստեղծել ստեղծագործություններ, որոնք կբացեն նոր հեռանկարներ ինչպես երաժշտության, այնպես էլ միջառարկայական արվեստի համար։

«Նոթեյշնսի» գագաթնակետը կլինի երկօրյա ցուցադրական միջոցառումը, որը կներկայացնի այս ինտենսիվ ստեղծագործական գործընթացի արդյունքները։ Ցուցահանդեսը կներառի կենդանի կատարումներ, իմերսիվ ինստալյացիաներ և մուլտիմեդիա աշխատանքներ՝ հանրությանը հնարավորություն տալով ծանոթանալ լաբորատորիայում ծնված փորձարարական ստեղծագործություններին։

«Նոթեյշնս»-ը միայն մեկանգամյա նախաձեռնություն չէ։ Լաբորատորիան նախատեսված է որպես մեկնարկային հարթակ շարունակական գեղարվեստական նախագծերի համար, որոնք կշարունակեն զարգանալ Երևանից դուրս՝ հասնելով միջազգային փառատոնների, ցուցահանդեսների և թվային հարթակների, ապահովելով երկարատև ազդեցություն և համաշխարհային լսարան։

««Նոթեյշնս»-ի միջոցով ցանկանում ենք ստեղծել մի տարածք, որտեղ հայկական երաժշտական ժառանգությունը կդառնա կենդանի, զարգացող լեզու։ Այն միտված է տարբեր մասնագիտությունների և սերունդների արվեստագետներին միավորելուն՝ նոր գաղափարներ արթնացնելուն, ավանդական սահմաններին մարտահրավեր նետելուն և երաժշտության ու արվեստի ապագան անցյալի հետ երկխոսության մեջ պատկերացնելուն»,-նշում է լաբորատորիայի ղեկավար և hosq-ի կրթական ուղղվածության ղեկավար Անդրիեշ Գանդրաբուրը։

Լաբորատորիայի կազմում արվեստագետների և երաժիշտների յուրահատուկ թիմ է, որում ներառված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, դաշնակահար և մանկավարժ Արամ Հովհաննիսյանը, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Շահեն Խանդկարյանը և դիրիժոր և ջազ երաժիշտ, Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը (Տոտի)։

ajax-loader