Թուրքիայում ոսկու հանքում սողանքի հետևանքով առնվազն 9 մարդ արգելափակված է

Թուրքիայի Էրզինջան նահանգի ոսկու հանքում սողանք է տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում  են, որ հանքում արգելափակված, փլատակների տակ մնացած առնվազն 9 մարդու որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Մենք մոբիլիզացրել ենք՝ ինչ կարողացել ենք AFAD-ի, ժանդարմերիայի, թուրքական զինված ուժերի հետ։ Աշխատում է 400 մարդ և ավելի քան 40 մեքենա։ Հանքավայրի վերևում մեծ զանգված կա։

Սողանքից առաջացած փորվածք կա։ Կարծում ենք՝ 667 աշխատակիցներից 9-ն անհետ կորած են և, հավանաբար, տեղաշարժվող հողի տակ են»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի Ալի Երլիքայան։

Բնապահպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սելավատարները փակվել են՝ կանխելու արտահոսած քիմիական նյութերի մուտքը Եփրատ գետ: Հարևան Դերսիմ նահանգից ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) նախկին պատգամավոր Փոլաթ Շարօղլուն զգուշացրել է, որ աղետը կազդի մոտակա նահանգների վրա։ Նա նշել է, որ իրենք բազմիցս զգուշացրել են ցիանային ավազանների խնդիրների մասին։

Կանադական Anagold Mining-ի կողմից շահագործվող վիճահարույց հանքը 2010 թվականից քիմիական տարրալվացման միջոցով ոսկի է արտադրում: Գյուղացիները, բնապահպաններն ու ինժեներները բազմիցս զգուշացրել են հանքի վտանգների մասին: Նշվում է, որ սողանքը տեղի է ունեցել ոսկու հանքում հողի արդյունահանման աշխատանքների պատճառով: Որոշ փորձագետներ նշել են, որ հանքում նման վթարը վաղուց էր սպասվում, քանի որ  անընդհատ զգուշացնում էին տարածքներում թույլ տված սխալների և նախազգուշական միջոցների բացակայության մասին:

ajax-loader