Ռեկորդային` 886 միլիարդ դոլար․ ԱՄՆ սենատը հաստատել է 2024-ի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է երկրի 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը ռեկորդային՝ 886,3 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Գրեթե 3100 էջից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է 886 միլիարդ հատկացնել պաշտպանական ծախսերին, ինչը 3 %-ով ավելի է, քան նախորդ ֆինանսական տարում։

Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է նաև 300 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն Ուկրաինային։  

Ազգային պաշտպանության լիազորման ակտի օգտին է քվեարկել 100 անդամներից բաղկացած Սենատի 83 անդամ, դեմ՝ 13-ը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանը, իսկ այնտեղ ընդունվելուց հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաստատմանը։

ajax-loader