Մալթան հայտարարել է երկու կամ ավելի երեխա ունեցող ծնողների համար հարկերի նվազեցման մասին՝ ժողովրդագրական անկումը հաղթահարելու կառավարության ջանքերի շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆինանսների նախարար Քլայդ Կարուանան խորհրդարանում հայտարարել է, որ միջերկրածովյան կղզու բնակչության շրջանում ծնելիության չափազանց ցածր մակարդակը «ամենամեծ մարտահրավերն» է, որի առջև կանգնած է երկիրը։
«Մենք պետք է խրախուսենք ավելի շատ ընտանիքների ունենալ առնվազն երկու երեխա», – ասել է Կարուանան՝ ներկայացնելով Մալթայի 2026 թվականի բյուջեն։
ԵՄ վիճակագրական գործակալության՝ Eurostat-ի այս տարի հրապարակված զեկույցի համաձայն, 2023 թվականին Մալթան ունեցել է Եվրամիությունում ծնելիության ամենացածր մակարդակը՝ 1.06 երեխա մեկ կնոջ հաշվով։
Չնայած խիտ բնակեցվածությանը՝ մոտ 1704 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա, Մալթայի բնակչության գրեթե մեկ երրորդը օտարերկրյա աշխատողներ են ու նրանց ընտանիքները։
Կարուանան հայտնել է, որ 2026 թվականից երկու և ավելի երեխաներ ունեցող ծնողները եկամտահարկ չեն վճարի յուրաքանչյուր ծնողի համար առաջին 18 500 եվրոյի դիմաց։ Մինչև 2028 թվականը այդ գումարը կհասնի 30 հազար եվրոյի։
Հարկային արտոնությունները կգործեն մինչև երեխաների 23 տարեկան դառնալը։
Այս սխեման նման է այն սխեմային, որը սեպտեմբերին ներդրել էր Լեհաստանը՝ ազատելով հարկերից առնվազն երկու երեխա ունեցող և մինչև 32,973 եվրո եկամուտ ունեցող ընտանիքներին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ