Արագածոտնի մարզից նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք են ժամանել 51 փոքրիկներ, որոնք ճանաչողական շրջայց են կատարել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցել են «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
«Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների բարեկամության մշակութային ժառանգությանը։ Երեխաներից մի քանիսը նույնիսկ լրացումներ էին անում զբոսավարին` կիսվելով տարբեր մեծերի մասին իրենց ունեցած տեղեկություններով:
Ծրագրի երկրորդ հատվածն էլ ավելի ոգևորիչ էր փոքրիկների համար։ Տեսասահիկների միջոցով երեխաներին ներկայացվեցին հայկական ծիսական տիկնիկները՝ դրանց պատմությունն ու նշանակությունը։ Իսկ այնուհետև սկսվեց ինտերակտիվ հատվածը. խաղի միջոցով փորձեցին կռահել տիկնիկների անուններն ու դրանց խորհուրդը: Միջոցառման ամենասիրված հատվածը սակայն վերջինն էր՝ տիկնիկագործության վարպետաց դասը։ Երեխաներն ինքնուրույն պատրաստեցին իրենց ծիսական տիկնիկները՝ յուրովի ձևավորելով դրան:
Ուրախ ենք, որ այս այցի արդյունքում երեխաները խորացրին իրենց հետաքրքրությունը թանգարանների և մշակութային ժառանգության նկատմամբ, ծանոթացան հայկական ծիսական տիկնիկների պատմությանը, զարգացրին ստեղծագործական հմտությունները տիկնիկագործության միջոցով։
Արագածոտնի 51 մշակութասեր փոքրիկների համար այս օրը վերածվեց ջերմ հիշողության։ Առջևում դեռ շատ մշակութային հանդիպումներ են սպասվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ