Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում արձանագրված հաջողության պատմությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն: «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում վարչապետն ընդգծեց՝ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղել է 2024 թվականին երկու երկրի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը: 

«Իմ հանձնարարությամբ՝ մեր պետական մարմինները կազմակերպում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, կուսակցական գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ սահմանազատված Կիրանց և հարակից հատվածներ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք` խաղաղության օրակարգ ասելով: Պիտի ուղիղ և անկեղծ ասեմ՝ ես առայժմ չունեմ որևէ, թեկուզ եզակի, բացասական արձագանք այն ամենի վերաբերյալ, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նշեց՝ հաջողության պատմությունը շարունակվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ, հետո նաև վավերացմամբ, ինչը դարձել է երկու երկրների միջև առաջին միջազգային փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ փաստաթղթով արձանագրվել է, որ երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրը:  

«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման շրջադարձային կետ է, որով երկու երկրներն արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է ԱԽՍՀ տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է ՀԽՍՀ տարածքի հետ: Այս փաստն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում»,- նշեց վարչապետը:

Հաջողության մեծագույն պատմությունը, ըստ Հայաստանի վարչապետի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:

«Այդպիսով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 

«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջայնացմանը, խաղաղության գործընթացին, հաղորդակցության և առևտրային ուղիների ապաշրջափակմանը, միջազգային ու տարածաշրջանային այլ օրակարգային թեմաների։ Միջոցառմանը տարբեր ձևաչափերով կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ Հայաստանից, հարևան բոլոր երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և այլն։ 

ajax-loader