Մոլիբդենը կարող է դառնալ Հայաստանի արդյունաբերական նոր առաջընթացը. Տիգրան Ջրբաշյան

«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մոլիբդենի արդյունահանմանն ու ֆերոմոլիբդենի արտադրությանը` նշելով պետության աջակցության անհրաժեշտությունը:

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.

«2024-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 17 հազ․տոննա մոլիբդենի խտանյութ, որից մաքուր մոլիդենի պարունակությունը շուրջ 8 հազար տոննա է, այս ցուցանիշով մենք աշխարհում 6-րդն ենք՝ զիջելով միայն Չինաստանին, Չիլիին, ԱՄՆ-ին, Պերույին և Մեքսիկային։

2024թ-ին մենք արտադրել ենք ընդամենը 4500 տոննա ֆերոմելիբդեն, որի համար օգտագործել ենք մեր 8 հազար տոննա մաքուր մոլիբդենից ընդամենը 3000 տոննան, այսինքն մեր ունեցած 5000 տոննա մոլիբդենի խտանյութով մոտ 7,700 տոննա ֆերոմոլիբդեն արտադրելու հնարավորության պարզապես բաց ենք թողել։

Ամենապարզ հաշվարկով, միայն 2024թ-ին մենք կորցրել ենք մոտ 136 մլն դոլարի հավելյալ թողարկում ֆերոմոլիբդենի արտադրության ոլորտում, որը կարող էր մոտ 30 մլն դոլարի ավելացված արժեք ապահովեր՝ չհաշված այս արժեշղթայի մատակարար հանդիսացող այլ ոլորտների գեներացրած ավելացված արժեքը (օրինակ, էլեկտրաէներգիայի արտադրություն) ։

Իսկ ինչ, եթե մաքուր մոլիբդեն արտադրեինք. պարզ հաշվարկներով, այս պարագայում մեր կորցրած ավելացված արժեքը շատ ավելի մեծ է մոտ 90 մլն դոլար։

Կարճ ասած` միայն 2024թ-ին մեր մոլիբդենի արտադրության արժեշղթան կորցրել է մոտ 30-90 մլն դոլարի ավելացված արժեք․․․Այնինչ, դրա բազայի վրա կարող էր ձևավորվել նոր կլաստեր՝ համադրված նյութագիտական know-how-ներով ու բազմաթիվ նյութագիտական startup-ներով․․․

Ինչ պետք է անի պետությունը

Սահմանի նվազագույն վերամշակման շեմ նոր լիցենզիաների համար,

Իրավական մեխանիզմներ ստեղծի, որով տեղական արտադրողները պարտավորված կլինեն միջազգային շուկայական գներով իրենց խտանյութը վաճառել տեղական վերամշակողներին,

Սկսել բանակցություններ ԵՄ/ԱՄՆ-ի հետ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ. օրինակ, ԵՄ-ի Critical Raw Materials Act-ը այդ հնարավորությունը տալիս է, և հենց մոլիբդենի համար այդպիսի պրոյեկտ իրականացվում է Գրենլանդիայում։

Սուբսիդիա տրամադրի մոլիբդենի արտադրության կարողություններ ձևավորելու համար (լինի թե՛ նոր ձեռնարկությունների հիմնման, թե՛ գոյություն ունեցողների արդիականացման տեսքով)։

Մոլիբդենը կարող է դառնալ Հայաստանի արդյունաբերական նոր առաջնահերթությունը»։

ajax-loader