Հեռավորարևելյան ESPO տեսակի նավթը, որն ավանդաբար վաճառվում է ավելի թանկ, քան ռուսական գլխավոր Urals տեսակի նավթը, բացասական հետևանքներ է կրել Միացյալ Նահանգների կողմից «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ արգելափակող պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև Եվրամիության կողմից պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունելու արդյունքում։ Արևմուտքի գործողությունների ազդեցությունը մեկ բարելի համար գերազանցել է 1.5 դոլարը։
ESPO-ի սփոթ վաճառքներն այս շաբաթ իրականացվում են մեկ բարելի համար 0,5 դոլարի զեղչով (հաշվի առնելով գնորդին առաքման ծախսերը)՝ համեմատած Brent տեսակի նավթի կողմնորոշիչ գնի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործարքներին մասնակցող թրեյդերներին։ Մինչդեռ, անցյալ շաբաթ՝ մինչև պատժամիջոցների մասին հայտարարությունը, այս նավթը վաճառվում էր հավելավճարով, որը կազմում էր ավելի քան 1 դոլար։
ESPO-ն սիբիրյան նավթի տեսակ է, որը մատակարարվում է «Արևելյան Սիբիր — Խաղաղ օվկիանոս» խողովակաշարով։ Սա ցածր ծծմբայնությամբ տեսակ է, ուստի դրա գինը ավանդաբար ավելի բարձր է, քան բարձր ծծմբայնությամբ Urals նավթի գինը։ ESPO-ի հիմնական ծավալները արդյունահանում և մատակարարում է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված «Ռոսնեֆտը»։ «Լուկօյլի» ծավալներն այս ուղղությամբ ավելի ցածր են, քան նրա, ինչպես նաև «Գազպրոմ նեֆտի» և «Սուրգուտնեֆտեգազի»-ի ծավալները, որոնք արդեն գտնվում են պատժամիջոցների տակ։
ESPO-ն մեծ պահանջարկ ունի ինչպես Չինաստանի պետական նավթավերամշակման ընկերությունների, այնպես էլ մասնավոր նավթավերամշակման գործարանների մոտ, որոնք մեծ փորձ ունեն պատժամիջոցների տակ գտնվող նավթի հետ աշխատելու վերաբերյալ՝ ինչպես Իրանից, այնպես էլ Ռուսաստանից։
ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցների ներդրումից հետո պետական ընկերությունները, ներառյալ Sinopec-ը, չեղարկել են ռուսական նավթի, հիմնականում ESPO տեսակի, որոշ գնումները, նշում է Bloomberg-ը։ Մասնավոր նավթավերամշակման գործարանները օրական ընդունում են մոտ 800,000 բարել հեռավորարևելյան ռուսական նավթ՝ այնպիսի տեսակներով, ինչպիսիք են ESPO, Sokol և Sakhalin Blend-ը և այս պահանջարկը «կմնա կայուն բարձր», կարծում են Vortexa-ի վերլուծաբանները։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք այս նավթավերամշակման գործարանները կկարողանա՞ն ընդունել նաև այն բարելերը, որոնցից հրաժարվում են մյուս վերամշակողները, ասվում է Vortexa-ի զեկույցում։
Գների ինդեքսների կենտրոնի հաշվարկներով՝ ESPO տեսակի ծովային արտահանումը սեպտեմբերին աճել է 22.6%-ով՝ օգոստոսի համեմատ և կազմել օրական 146,000 տոննա (ավելի քան 1 միլիոն բարել)։ Սա 2025 թվականի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Մատակարարումների ավելացումը կարող է բացատրվել ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման քվոտաների բարձրացմամբ, գրել էր ՌԲԿ-ն։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ