2026 թվականին Հայաստանի հարավում կմեկնարկի Քաջարանի թունելի կառուցումը։ Այդ մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հիմա մենք գտնվում ենք մրցույթի արդյունքների ամփոփման փուլում։ Շուտով կհայտարարվի հաղթող ընկերությունը»,- ասել է Խուդաթյանը։
Բացի այդ, նրա խոսքով, գալիք տարի կսկսվի նաև Սիսիան-Քաջարան ճանապարհի տարբեր հատվածների և Բարգուշատի թունելի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը։ Այդտեղ շինարարական ընկերության հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
«Ծրագրերում է նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերակառուցման ավարտը», – պարզաբանել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ 2026 թվականին 60 մլրդ դրամ վարկային միջոցների հաշվին նախատեսվում է ավարտել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կիլոմետրանոց ավտոմայրուղու հատվածի շինարարությունը։
Բացի այդ, նախատեսվում է շահագործման հանձնել Լանջիկ-Գյումրի ճանապարհի 23.2 կմ երկարությամբ հատվածը։ Կշարունակվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի հատվածի շինարարական աշխատանքները։ Խոսքը վերաբերում է 32 կիլոմետրին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ