ՀՀ հարկային օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները.
- Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա։
- Կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը (սոցիալական կրեդիտների համակարգը) հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք գոնե մուտք կգործեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։
- Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ, ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Սա կվերացնի ձեռքով լրացման անհրաժեշտությունը՝ պահպանելով բանկային գաղտնիքը։
- Հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
- Նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ․ այդ կարգավորումը կիրականացվի կառավարության որոշմամբ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ