Չինաստանի իշխանությունները լիովին հասանելի են համարում ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում առկա տարաձայնությունների կարգավորման նպատակը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առեւտրի նախարար Վան Վենտաոն։
«Վերջին օրերին բոլորը մեծ ուշադրություն են դարձնում չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարցերին»,- ընդգծել է նա Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ գումարման կենտրոնական կոմիտեի չորրորդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցությունների նախորդ չորս փուլերը համոզիչ կերպով ցույց են տվել, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները, փոխադարձ հարգանքի վրա հիմնված իրավահավասար բանակցությունների միջոցով, կարող են, անկասկած, գտնել իրենց փոխադարձ մտահոգությունները լուծելու եւ համակեցության ճիշտ ուղին»։
Ինչպես նշել է Վան Վենտաոն, Պեկինը եւ Վաշինգտոնն այսպիսով հնարավորություն ունեն խթանելու չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների ներդաշնակ եւ կայուն զարգացումը։ Նա նաեւ մեջբերել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի դիրքորոշումը, որը հայտարարել էր, որ երկխոսությունն ու համագործակցությունը «միակ ճիշտ ընտրությունն» են երկու երկրների համար։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ