Երևանում իր աշխատանքն է շարունակում «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովը, որին մասնակցում են կրթության և գիտության ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից։
Աշխատանքային երկրորդ օրվա առաջին պանելային քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումները ներկայացրին «Համալսարանները և գիտությունը որպես տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ» թեմայով։
Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործադիր տնօրեն Ֆրիդերիկ Հետինգերն իր ելույթում նշեց, որ երևանյան համաժողովն ինքնին շատ յուրահատուկ միջոցառում է։
«Բոլոր պետություններում, լինի Հայաստանում, թե մեկ ուրիշ երկրում, ազդեցիկ նորարարական էկոհամակարգերն ի հայտ են գալիս, երբ համալսարանների կամ ակադեմիայի ներկայացուցիչներն ու պետական կառավարման հաստատությունները համագործակցում են նույն մակարդակում։ Կարևոր խնդիրների առաջնահերթությունը լավագույն արդյունքն է տալիս, երբ այդ ամենին համակցվում է ձեռնարկատիրական էներգիան, և երբ կա քաղաքական աջակցություն։ Ակադեմիական քաղաքի նախագիծը հենց այն ճիշտ ուղին է, որով ընթանում է Հայաստանը՝ կյանքի կոչելով գիտակրթական ոլորտի ռազմավարությունը»,- ասաց Հետինգերը։
Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության և հասարակագիտության պրոֆեսոր Էնդրյու Բրաունն իր խոսքում նշեց, որ երբ խոսք է գնում տարածաշրջանային զարգացման մասին, ապա պետք է հաշվի առնել, որ բոլոր երկրները պետք է դերակատարություն ունենան այդ գործընթացում։
«Բարձրագույն ուսումնական հաստատությունը բազմաֆունկցիոնալ հաստատություն է, ուստի պետք է հիշենք, որ բարձրագույն կրթությունը միտված է հանրային բարօրության կերտմանը և վերաբերում է ոչ միայն ուսանողներին, այլև հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Ըստ այդմ՝ կրթությունն առարկայանում է ավելի լայն տիրույթներում։ Շատ կարևոր է գիտական գործունեության շրջանակներում անդրադառնալ ի հայտ եկած հասարակական-քաղաքական փոփոխություններին ու մարտահրավերներին։ Ինչպես երեկ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը, սա համընդհանուր մտահոգություն է, թեև հարցին լուծում տալու ուղիներն ու մոտեցումները տարբեր են, հետևաբար մենք պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ներգրավվենք կարևոր հարցերի լուծման գործընթացում»,- ասաց Բրաունը։
Դանիայի տեխնիկական համալսարանի տնօրեն Կլաուս Նիլսենն իր ելույթում ասաց, որ հայկական կողմն, անշուշտ, հետապնդում է բավականին հավակնոտ ծրագիր՝ հիմնելով ակադեմիական քաղաք։
«Թեև ես ներկայացնում եմ այլ երկիր, բայց կարող եմ հավաստիացնել, որ նմանությունները մեր գործընթացների հետ իսկապես շատ են։ Վստահաբար դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Տարիներ առաջ Դանիան իրականացրեց համալսարանական ոլորտի բարեփոխումներ, որոնց շրջանակում փորձեցինք միավորել բուհերը՝ հաշվի առնելով, իհարկե, նրանց միջև առկա տարբերությունները։ Մենք հաջողեցինք, որովհետև բազմաթիվ հարուստ հիմնադրամներ աջակցեցին՝ կատարելով մեծ ներդրումներ։ Արդյունքում կարողացանք բարձր մակարդակի հասցնել գիտությունը, որն այսօր մեծ ազդեցություն ունի հասարակության և հատկապես այն կազմակերպությունների վրա, որոնց գործունեությունը հիմնված է հետազոտությունների վրա»,- նշեց Նիլսենը։
Նրա համոզմամբ՝ որպեսզի նորարարությունը մտնի տարածաշրջան, դրա համար անհրաժեշտ են ռազմավարական պլաններ, առավել ևս, որ գիտատեխնիկական կենտրոնների և հասարակության ներսում գործող շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը դարձել է օրվա հրամայական։
Ասիական զարգացման բանկի Մարդու և հասարակական զարգացման տնօրեն Սոֆիա Շաքիլն իր ելույթում նախ շնորհավորեց հայ գործընկերներին ակադեմիական քաղաք հիմնելու առթիվ՝ նշելով, որ տվյալ նախաձեռնությունը խիզախ քայլ է Հայաստանի կշիռը բարձրացնելու և երկիրը տարածաշրջանային նորարարական հաբ դարձնելու ուղղությամբ։
«Տվյալ ծրագրի հիմնական թիրախը միայն արդի ենթակառուցվածքների ստեղծումը չէ, թեև դա նույնպես ունի կենսական նշանակություն, բայց առավել կարևոր թիրախներից է նաև համապատասխան էկոհամակարգի ստեղծումը՝ ներառական, թվային ու ձեռնարկատիրական պատշաճ մթնոլորտ ձևավորելու նկատառությամբ։ Առաջադեմ աշխարհի համալսարաններն արդեն իսկ հանձնառել են այդ կարևոր դերը՝ լոկալ զարգացում ապահովելու համար։ Մեր բանկը բազմաթիվ հանձնառություններ է իրականացնում Արևելյան և Կենտրոնական Ասիայում՝ համագործակցություն ծավալելով մասնագիտական կրթության ոլորտի զարգացումն ապահովելու համար»,-ասաց Շաքիլը։
Նա հավելեց, որ Ասիական զարգացման բանկի նպատակն է նպաստել տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը։ Մասնագետի կարծիքով՝ տարածաշրջանային և գլոբալ փորձառությունից օգտվելը հնարավորություն կտա հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Նա տեղեկացրեց, որ Ասիական բանկի աջակցությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը փորձի փոխանակման մտադրությամբ և ակադեմիական քաղաք հիմնելու նախաձեռնության շրջանակում մեկնել է Հարավային Կորեա։
«Այցի նպատակն է նաև, թե ինչպես կարելի է Հայաստանը դարձնել լծակ՝ տարածաշրջանային զարգացման և հետագայում նաև տնտեսական առաջընթացի համար։ Օգտագործելով այդ հնարավորությունը՝ մենք ցույց ենք տալիս, որ տվյալ երկիրը կարելի է դարձնել գիտելիքի փոխանակման և միջպետական համագործակցության հիանալի հարթակ։ Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն է սեփական դերակատարությունն ընդգծելու առումով։ Թվայնացումն էլ դիտարկվում է որպես հիանալի գործիք՝ այդ թիրախին հասնելու համար, ինչը շատ կարևոր գործոն է մեզ համար»,- ասաց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը։