Կարկուտից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան կառավարությունից

Վերջին տարիներին կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են, ինչի հետևանքով գյուղատնտեսությանը հասցվել են մեծ վնասներ։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ 

«2024 թվականին կարկտահարության հետևանքով վնասվել է շուրջ 13 հազար հա ցանքատարածք և այգետարածք, իսկ 2025-ին՝ ավելի քան 11.8 հազար հա ցանքատարածք»,- ասաց նա։  

Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիրը գործարկվել է 2020-ից, սակայն բարձր վնասաբերության պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։  

«2025-ին կառավարությունը սուբսիդավորել է ապահովագրավճարի 70-80 տոկոսը և փոխհատուցել վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը, սակայն ապահովագրության ծավալները մնացել են շատ փոքր»,- ասաց Պապոյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածքներն ու այգետարածքները 2024-25 թթ․ կարկուտից վնասվել են 40-100 տոկոսով։ 
Փոխհատուցման չափը հաշվարկվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա։ 

«Օրինակ՝ ծիրանի այգու 100% վնասի դեպքում՝ 31,840 դրամ, կարտոֆիլի դեպքում՝ 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում՝ 130,900 դրամ, աշնանացան ցորենի դեպքում՝ 55,328 դրամ»,- նշեց նախարարը։ 

Պապոյանը նաև տեղեկացրեց, որ շահառուները մինչև 2025 թ․ հոկտեմբերի 31-ը դիմումներ կներկայացնեն համայնքներին, որոնք ամփոփված կուղարկվեն մարզային հանձնաժողովներին և ապա՝ Հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ 

Պապոյանը հավելեց, որ Կենտրոնական բանկի համակարգմամբ տարբեր միջազգային կառույցների հետ քննարկվում են ապահովագրության համակարգի բարելավման տարբերակները։ 

ajax-loader