Խաչքարերի պուրակում մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները

«Կերոն» զարգացման հիմնադրամի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ այսօրվանից մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները, որը տեղակայվելու է Խաչքարերի պուրակում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Կառավարության առաջին և երրորդ շենքերի դիմաց գտնվող հատվածը, որը նախկինում կազմել է այգու մաս և մինչ վերջերս ծառայում էր որպես ավտոկայանատեղի, վերադարձվել է այգուն, և կդառնա խաղահրապարակի մաս:

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող խաղահրապարակների կառուցման նախաձեռնության այս երկրորդ ծրագիրն իրականություն կդառնա «Արմբրոկ» ներդրումային ընկերության աջակցությամբ:

Առաջինը՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը, շահագործման էր հանձնվել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Օղակաձև զբոսայգում։ Նախագծի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան և հասարակական նշանակության տարածք՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Նոր խաղահրապարակը նախագծված է 0–3 և 3–7 տարիքային խմբերի երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ստեղծարար միջավայր: «Կենաց ծառի հիշողությունը. վիշապագորգ» խորագրով խաղահրապարակի տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 800 քմ է: Նախագիծը ոգեշնչված է ավանդական հայկական գորգի նախշերով և խորհրդանիշներով՝ վերածելով խաղային ամբողջ տարածքը ստեղծագործության և երևակայության իրական աշխարհի։ 

«Շնորհակալ եմ «Արմբրոկ» ընկերությանը՝ այս նախագծի շրջանակում մեզ միանալու համար։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը լավ նախադեպ կլինի և շղթայական արձագանք կստանա նաև այլ կազմակերպությունների շրջանում։ Այս խաղահրապարակը մինչ տարեվերջ պատրաստ կլինի, և լիահույս եմ, որ «Կերոնը» և «Արմբրոկը» միասին երկար ու հաջող ճանապարհ կունենան հանրային այս մեծ ծրագրի շրջանակում»,- նշել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

ajax-loader