Երկօրյա համաժողով՝ Ծաղկաձորում․ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է ութ երկրների պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ այսպիսի ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Հանքարդյունաբերության ոլորտում կարևոր է նաև կրթության հարցը։ Գիտելիքահեն տնտեսության զարգացման համար կարևոր է նաև կադրերի պատրաստման խնդիրը։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է։ Երկրում ամենամեծ թվով աշխատատեղեր խնդրահարույց համարվող այս ոլորտն է ապահովում՝ փաստում են մասնագետները։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ հանքարդյունաբերությունը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։ Բացատրում է՝ հատկապես վերջին տարիներին տնտեսական գործունեությունը կենտրոնացած է Երևանում։ Վիճակագրական տվյալներն է ներկայացնում՝ աշխատավարձի ֆոնդի 79 %-ը Երևանում է։
«Կարելի է ասել, որ սա հիմնական և միակ ոլորտն է։ Կարելի է արձանագրել, որ մեծ տնտեսական աճ է ապահովում մարզերում, և այնպես է անում, որ Երևան, այսպես ասած, մեծ աճը, որը հիմնականում տնտեսական աճի դրայվերն է դարձել վերջին տարիներին, և մենք տեսնում ենք, որ տնտեսությունը նույնպես զարգանում է մարզերում հանքարդյունաբերության շնորհիվ»։

Այս պահին հստակ է, որ ոլորտը դեռ չի պատրաստվում զիջելու դիրքերը։ Հայաստանին բաժին է ընկնում մոլիբդենի համաշխարհային արտահանման 3-4%-ը։ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների տարբեր երկրներից։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը արձանագրում է՝ առաջիիկա տարիներին ոսկին, պղինձը ու մոլիբդենը համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ են ունենալու։ Սա իր ազդեցությունը կունենա Հայաստանի արտահանման վրա․
«Մի քանի տարի հետո կարող ենք ունենալ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ և դրանում իսկ ունենալով հզոր տնտեսություն և բնակչության կենսամակարդակի բարձր որակներ» ։

Հայաստանի վարչապետը ընդգծում է՝ ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով հիմնականում մետաղական հանքերի շահագործումն է ընկալվում՝ նկատում է Նիկոլ Փաշինյանը։ Սա հիմք ունի՝ ըստ էության ոլորտի 95 և ավելի տոկոսը հենց մետաղական հանքերն են։
«Ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին։ Պրոբլեմը էստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ էս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, էդքան էլ ճշմարտացի չի թվացել, և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք, և մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը և, ի դեմս կառավարության, նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում, և սա շատ կարևոր է։ Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք՝ ազդակիր համայնքներին։ Հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիններից 2 % մասհանման մասին»։

Նիկոլ Փաշինյանը վիճակագրական տվյալներ է մեջբերում՝ 2018-25 թթ ԶՊՄԿ-ն նախորդող 7 տարիների համեմատ պետբյուջե վճարումներն ավելացրել է 148 տոկոսով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Բացի այդ, կառավարության ղեկավարը զարմանքով արձանագրում է՝ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ մենք ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը։ Վարչապետն ընդգծում է՝ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան․
«Մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականցնելու համար քար ենք ներկրում արտերկրից։ Սա ցույց է տալիս , որ մենք պրոբլեմ ունենք։ Քարի մշակման ոլորտում մենք անելիքներ ունենք։ Նախ՝ դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է և երկրորդը` մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունը»։
2023 թ․-ին հաստատված հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը միտված է օժանդակելու ոլորտի կարգավորմանն ու առաջընթացին։ Այն ուղղված է տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կառավարմանը՝ ընդգծում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ոլորտի թափանցիկության կարևորությունն է մատնանշում վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ եկող տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կոնցենցիայի COP 17 համաժողովը։
Աղբյուրը՝ hy.armradio