Հնդիկ վիրաբույժները մեկ ամսական երեխայի որովայնից հեռացրել են մեկ այլ սաղմ

Հնդկաստանում բժիշկները հաջողությամբ մեկ ամսական երեխայի որովայնից հեռացրել են երկու թերզարգացած սաղմ: «Պտուղ պտղի մեջ» (fetus in fetu) չափազանց հազվագյուտ պաթոլոգիա է: Աշխարհում նման մոտ 300 դեպք է գրանցվել:

Ինչպես նշում է Times of India-ն, այդ իրավիճակը հատկապես հազվադեպ է, քանի որ ծնված երեխայի ներսում երկու սաղմ է եղել: Դա տեղի է ունենում գրանցված դեպքերի մոտ 10%-ում: Անոմալիան ձևավորվում է հղիության վաղ փուլերում, երբ սաղմը «ներառվում» է երկրորդի մարմնում և զարգանում այնտեղ որպես «մակաբույծ երկվորյակ»: Նման պտուղը կենսունակ չէ և չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ:

Ծննդկանը սկզբում սպասում էր եռյակի, բայց երկու սաղմերը առանձին չեն զարգացել՝ հայտնվելով երրորդ աղջկա մարմնում, հաղորդում է Naked Science-ը: Երեխային Գուրգաոնի Fortis Memorial Research Institute հիվանդանոց են տեղափոխել այտուցված փորով: Ծնողները պատմել են, որ նա դյուրագրգիռ էր և հրաժարվում էր ուտելիքից:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչում երկու ուռուցքանման գոյացություններ կան։ Բժիշկները պարզել են, որ դրանք թերզարգացած սաղմեր են։ Աղջկա մարմինը ջրազրկված էր, և նա տառապում էր թերսնուցումից։ Բժիշկները կայունացրել են նրա վիճակը, ապա վիրահատություն կատարել՝ պտուղները հեռացնելու համար։

Վիրահատությունը տևել է մոտ երկու ժամ։ Ըստ բժիշկների՝ դա հազվագյուտ և բարդ դեպք է՝ թե՛ ախտորոշման, թե՛ վիրաբուժական ապաքինման առումով։ Հիմնական խնդիրն էր հեռացնել «մակաբույծ երկվորյակներին»՝ առանց վնասելու երեխայի օրգանները, ներառյալ թվում՝ աղիքները, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը, լյարդը, երիկամները և հիմնական արյան անոթները։ Փոքրիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, աղջիկը հաջողությամբ ապաքինվում է։

ajax-loader