Խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին. ՀՀ նախագահ

Հայաստան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում:

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ.

«Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ղրիբիին Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու հնարավորության համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ մեզ միավորում են կայուն զարգացման, խաղաղ և ներառական հասարակությունների ձևավորման, արդարադատության հասանելիության ապահովման և մի շարք այլ ընդհանուր նպատակներ։

Թեպետ յուրաքանչյուր ոլորտ՝ լինի կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, տնտեսություն, էներգետիկա կամ գյուղատնտեսություն, առանցքային նշանակություն ունի կայուն զարգացման համար, պետք է ընդունել, որ խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին։

Խաղաղությունը հիմքն է, որի վրա խարսխվում է զարգացումը և ծաղկում հասարակությունը։

Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հայաստանը վերաձևավորեց իր մոտեցումները՝ հիմնվելով խաղաղության հաստատման հրամայականի վրա։ Միայն այդպիսի տեսլականն է, որ խթանում է աճը, զարգացումը, դուրս բերում մարդկանց աղքատության ճիրաններից: Այն ապահովում է ժողովրդավարության ամրապնդումը և քաղաքացուն ընձեռում ընտրության իրավունք։ Այն հզորացնում է ազատությունը, արդարությունը, հավասարությունն ու անվտանգությունը։

Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները Վաշինգտոնում նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը և ընդունեցին խաղաղ գործընթացի վերաբերյալ եռակողմ հռչակագիր։ Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և նրա վարչակազմի հետևողական ջանքերի շնորհիվ` վերջ տալով 3 տասնամյակ տևած հակամարտությանը: Ինչպես ասել է Աֆրիկայի մեծ զավակ Նելսոն Մանդելան․ «Ամեն բան անհնար է թվում մինչև իրագործումը»։

Խաղաղության հաստատմանը նպաստող պայմանների ստեղծումից հետո Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել ժամանակակից, մրցունակ, տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն պետություն։ Մեր ամենամեծ հարստությունը կրթված, աշխատասեր և օրենքին հնազանդ հասարակությունն է։

«Կրթված լինելը» դնում եմ առաջին տեղում, քանի որ համոզված եմ՝ կրթությունն է աղքատությունը հաղթահարելու, առաջընթացն ու բարեկեցությունը ապահովելու հիմնական բանալին։ Նելսոն Մանդելայի խոսքերը՝ «Կրթությունն ամենահզոր զենքն է, որով կարող եք փոխել աշխարհը», լավագույնս են արտահայտում կրթության արժեքն ու ուժը։

Սիրելի գործընկերներ,

Հայաստանն ընտրվել է հյուրընկալելու Կենսաբազմազանության հարցերով 17-րդ համաժողովը (COP17), որը կկայանա Երևանում 2026թ. հոկտեմբերին։ Անհամբեր սպասում եմ ձեզ և ձեր երկրների պատվավոր պատվիրակություններին Հայաստանում։

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկայի գործընկերների հետ՝ հաշվի առնելով մեր փոխադարձ շահերն ու կենսաբազմազանության ոլորտում առկա ընդհանուր մարտահրավերները։

Մենք ակնկալում ենք նաև համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ՝ գլոբալ բնապահպանական գործընթացները ճիշտ հունի վրա վերադարձնելու համար։

Նաև ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` բարձրացնելու խոցելի տարածաշրջանների խնդիրները, խթանելու ներառական համագործակցությունը և մոբիլիզացնելու միջազգային ֆինանսական ռեսուրսները COP17-ի նախագահության շրջանակում։

Թույլ տվեք ընդգծել նաև, որ Հայաստանը հանդես է գալիս և աջակցում է ուժեղ միջազգային մեխանիզմների ստեղծմանը՝ ուղղված մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը և վերացմանը։ Մենք խորապես հավատում ենք, որ մարդու իրավունքների խախտումները պետք է հավասար ու համարժեք արձագանք ստանան բոլոր հակամարտություններում։

Այսօր ականատես ենք լինում ժողովրդավարական արժեքներից համատարած նահանջի միտումներին, որոնք ուղեկցվում են ժողովրդավարական հաստատությունների հիմքերի նկատմամբ անողոք հարձակումներով։ Անհրաժեշտ է համատեղել ջանքերը՝ դիմագրավելու նման ճնշումներին և սպառնալիքներին և անշեղորեն պահպանելու այն կանոնները, որոնցով ցանկանում ենք առաջնորդվել։

Սիրելի ընկերներ,

Իմ խոսքը սկսեցի իմ տարածաշրջանում խաղաղության կարևորությամբ և ցանկանում եմ ավարտել նույն ուղերձով։ Մաղթում եմ մեծ Աֆրիկյան մայրցամաքին՝ տաղանդավոր, նպատակասլաց և հավակնոտ կանանց ու տղամարդկանց հայրենիքին, կայուն և տևական խաղաղություն՝ որպես անվտանգության, ինչպես նաև առաջընթացի և բարեկեցության հիմնական նախապայման»։

ajax-loader