Հայաստանում էլեկտրամոբիլների սեփականատերերի համար հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Ինչպես նշել է պատգամավորը, վերջին տարիներին, ՀՀ Կառավարության կողմից իրականացված պետական քաղաքականության շնորհիվ, հանրապետությունում էլեկտրամոբիլների թիվը զգալիորեն ավելացել է։ Դրա հետ կապված՝ առաջացել է համապատասխան իրավական կարգավորումներ ապահովելու անհրաժեշտություն։ Վերջիններս, մասնավորապես, վերաբերում են վերոհիշյալ ավտոմեքենաները վերալիցքավորելու հնարավորությանը։
Վարդանյանի կարծիքով՝ այդ գործընթացը պետք է լինի առավելագույնս պարզեցված։ Օրինակ, քաղաքացիներին չպետք է տուգանեն իրենց ավտոտնակներում անհրաժեշտ սարքավորումներ տեղադրելու կամ ուղիղ վերալիցքավորում կատարելու համար։ Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ իրենց էլեկտրամոբիլները լիցքավորող քաղաքացիները ստիպված չեն լինի լիցքավորման սարքի համար նոր բաժանորդային պայմանագիր կնքել։
Միաժամանակ, օրենսդրական փաթեթում կա հստակ վերապահում. եթե թույլատրելի բեռնվածությունը գերազանցելու պատճառով (10 կիլովատտ) բաժանորդի տանը անջատվի անջատիչը, նա չի կարող որևէ բան ներկայացնել և պահանջել «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։
«Փոփոխությունները կազդեն ոչ միայն անհատների, այլև բիզնեսների վրա», – նշել է խորհրդարանականը։
Օրինակ, ձեռնարկատերերը կկարողանան լիցքավորման սարքեր տեղադրել իրենց խանութի կամ սրճարանի կողքին։ Եվ կրկին՝ առանց առանձին բաժանորդային պայմանագիր կնքելու։