Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ  անցանկալի հաղորդագրություններից

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ  ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող  ընկերությունները  մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները  հնարավորություն կտան  լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։

Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝

Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն)  մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։

Համաձայնությունը տրվում է կայքում գրանցման փուլում։ Ընդ որում՝ գրանցումն իրականացնելու համար հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալը պարտադիր չէ․օգտատերը կարող է նաև հրաժարվել դրանցից։

Եթե այնուամենայնիվ  օգտատերն արդեն գրանցվել է, տվել իր համաձայնությունը, բայց հետագայում փոխել է միտքը՝ ցանկացած պահի հնարավորություն ունի հրաժարվել հաղորդագրությունների ստացումից՝

1․կայքի անհատական էջի կարգավորումները փոփոխելով

2․ էլեկտրոնային հաղորդակցման հավելվածների (Viber, WhatsApp և այլն) կարգավորումներից արգելափակելով դրանց ստացումը (opt out)

3․ ընկերություններին հեռախոսազանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով դիմելով, որի պարագայումը գործընթացը 3 աշխատանքային օրից ավելի չի կարող տևել։

4․առկա է նաև SMS հաղորդագրություններից հրաժարվելու հնարավորություն։

Եթե օգտատերն անժամկետ և ամբողջական արգելափակել է հաշիվը, նրան հաղորդագրություններ չեն ուղարկվի՝ անկախ այն հանգամանքից, գրանցման ընթացքում համաձայնություն տվել է, թե ոչ։

Եթե օգտատերը ժամանակավորապես է արգելափակել հաշիվը, այդ ժամկետում հաղորդագրություններ չի ստանա։ Ժամկետն ավարտվելուց հետո կայք մուտք գործելուց կբացվի հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալու նոր պատուհան, ինչպես գրանցման փուլում։

Հիշեք՝ հաղորդագրությունները պարունակում են 21+ նշումը և նախազգուշացում՝ «Խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է», և եթե ստացել եք ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրություն, ցանկացած պարագայում տվյալ հաղորդագրությունն իր մեջ պարունակում է  դրանից հրաժարվելու (ապաբաժանորդագրման) տարբերակ՝ բացառությամբ SMS հաղորդագրության։

ajax-loader