Ղազախստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ կնքած երկու համաձայնագրեր, որոնք վերաբերում են միգրացիայի ոլորտում համագործակցությանը և երկու երկրների տարածքներում քաղաքացիների գտնվելու կարգին։ Այդ մասին հայտնում է Ղազախստանի խորհրդարանի՝ Մաժիլիսի տելեգրամյան պաշտոնական ալիքը:
Փաստաթղթի համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիների համար փոխադարձաբար անփոփոխ է մնում տվյալ երկրների տարածքում գտնվելու ժամկետը՝ 90 օր պետական սահմանը հատելու պահից և կես տարվա ընթացքում հանրագումարով չի կարող գերազանցել նշված ժամկետը։ Իսկ սահմանված ժամկետի լրանալուց հետո Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի մնալ Ղազախստանում՝ ձևակերպելով ժամանակավոր բնակության թույլտվություն (աշխատանքի, ուսման, բիզնեսի, ընտանիքի վերամիավորման և այլնի համար)։ Ներկայումս դրա համար պահանջվում է վիզա ձևակերպել։
Վավերացվել է նաև Ղազախստանի և Հայաստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։Ըստ այդմ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական մարմինները տեղեկություններ կփոխանակեն իրենց տարածքում գտնվող՝ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի մասին:
Բացի այդ, համատեղ կքննարկվեն քաղաքացիների՝ տվյալ երկրում գտնվելու իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը և աջակցություն կտրամադրեն ծագող հարցերի վերաբերյալ։ Ղազախական կողմից այդ խնդիրներով զբաղվելու են Ներքին գործերի և Աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունները, հայկականից՝ ՆԳՆ ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:Համաձայնագիրը նախատեսում է հարցումների կատարումից հրաժարում՝ տվյալ երկրների ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնալիքների առաջացման և օրենսդրությանը հակասելու դեպքերում։Նշենք, որ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են նշված երկրներ այցելել անձը հաստատող վկայականով կամ քարտով։Ղազախստանի խորհրդարանում համաձայնագրերի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ այդ երկրում ներկայումս աշխատում է 2134 ՀՀ քաղաքացի, մինչդեռ նախորդ տարի այնտեղ էին մեր 2623 հայրենակիցներ։
Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովը հայտնել է, որ տարեսկզբից իրենց երկիր է մուտք գործել շուրջ 12 հազար ՀՀ քաղաքացի։