Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է իր ենթակա կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքը:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն
Որսաշրջանի բացման կապակցությամբ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողներն իրականացնում են խստացված հսկողություն՝ իրենց ծառայությունը կատարելով պատշաճ և հետևողական կերպով։ Ստուգվում են որսի թույլտվությունները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված օրինական և իրավական պահանջներին։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Շարունակվում են բույսերի մշտադիտարկման սեզոնային աշխատանքները։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից՝ «Զանգեզուր» արգելավայրում,«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում իրականացվել են փորձահրապարակների հերթական ուսումնասիրությունները։ Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության, ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կովկասի բնության հիմնադրամի, համագործակցության շրջանակում, վերջինիս ֆինանսավորմամբ և համակարգվում է ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից:
ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող բնության հատուկ պահպանվող տարածքներում, այցելուների իրազեկվածության բարձրացման նպատակով, ավելացվել են տեղեկատվական և ուղղորդող ցուցանակներ՝ հիմնական զբոսաշրջային գրավչություններ տանող արահետների սկզբնամասերում։ Աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։
Արգելոցապարկային Համալիր ՊՈԱԿ
Ամենամյա մոնիթորինգի շրջանակներում «Զիկատար» պետական արգելավայրում գիտության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ֆլորայի ուսումնասիություն:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ
«Դիլիջան» ազգային պարկի էկոակումբի սաները մասնակցել են շրջակա միջավայրի մաքրման և թռչնաբների տեղադրման աշխատանքներին։
Ակցիայի ընթացքում հավաքել են «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ի հարակից տարածքում առկա կենցաղային թափոնների մի մասը՝ նպաստելով անտառային միջավայրի պահպանությանը և մաքուր էկոհամակարգի ձևավորմանը։
էկոակումբի երեխաները տեղադրել են թռչնաբներ՝ աջակցելով թռչնաշխարհի բազմազանության պահպանմանը և թռչունների համար անվտանգ կենսամիջավայրի ստեղծմանը։ Թռչնաբները պատրաստված էին դպրոցահասակ երեխաների կողմից:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի մասնագետները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» տեղամասում իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ:
Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ
Թանգարանային ցուցանմուշների հաշվառման ամենամյա աշխատանքները սկսվել են:
Ֆոնդերի աշխատակիցների կողմից իրականացվել են ցուցանմուշների հաշվառում, անվանումների ճշգրտում, որակի ստուգում, վնասված ցուցանմուշների հայտնաբերում և առանձնացում՝ վերանորոգման նպատակով: