Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Նարեկ Մկրտչյանը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նարեկ Մկրտչյանն առաջիկայում նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
Արեն Մկրտչյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր է ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ մարզպետ Արամ Ղազարյանն ազատվեց այդ պաշտոնից և նշանակվեց ՀՀ ոստիկանապետ։